Ալպինիստներն ու հեծանվորդները միասին կմտածեն Հայաստանի զբոսաշրջիկների թիվն ավելացնելու մասին

Հեծանվային սպորտն ու լեռնագնացությունը առողջ ապրելակերպ են քարոզում, այդ պատճառով էլ մարզիկները որոշել են միավորվել ընդհանուր բարօրության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան ու Veloclub հեծանվային ակումբը կնքեցին փոխգործակցության հուշագիր, որի նպատակն է պահպանել, զարգացնել և խթանել հեծանվային սպորտը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը։

Նրա խոսքով` Հայաստանում լեռնագնաց հեծանվորդների թիվը մեծ է, դրա համար էլ որոշեցին հուշագիր կնքել հին գործընկերների հետ։ Արդեն ժամանակն էր, որ մտածեին համատեղ նախագծերի, երթուղիների, ճանապարհների ու հեծանվային ուղիներ ստեղծելու մասին։

«Արդեն մի քանի գաղափար կա, պետք է ստուգել` որ ուղիներն են համապատասխանում լեռնային հեծանվորդներին, որպեսզի հետագայում ընկերներին, գործընկերներին ու զբոսաշրջիկներին հրավիրելու հնարավորություն լինի։ 2018 թվականին նախատեսվում է մեծ մրցումներ անցկացնել։ Մեզ մոտ զբոսաշրջիկներ են գալու, ինչը, բնականաբար, կխթանի Հայաստանում լեռնային հեծանիվային տուրիզմի զարգացումը», — նշեց Դանիելյանը։

2017 թվականի դեկտեմբերի 27-ին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի և Velo club-ի միջև կնքվեց փոխգործակցության հուշագիր, որի նպատակն է պահպանել, զարգացնել և խթանել հեծանվային սպորտը, ալպինիզմը և լեռնային տուրիզմը, ստեղծել ալպինիզմով և հեծանվային սպորտով զբաղվելու, դրանք զարգացնելու պայմաններ, պահպանել բնությունը, իրականացնել այլ միջոցառումներ և նախաձեռնություններ:

Հուշագիրն այն խթանն է, որը կնպաստի երկու կողմերի միջև գործունեության ծավալմանը և կնպաստի ոլորտների զարգացմանը: Չնայած հուշագրում սահմանված դրույթներին, սա չի նշանակում, որ այլ միջոցառումներ չեն կարող իրականացվել: Հակառակը, երկու կողմերն էլ ազատ են գործողություններում, որոնք նպաստում են միասնական նպատակի իրագործմանը: