ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական է ստորագրել, որով մինչև 2018 թվականի հունվարի 31-ն արգելել է ՀՀ Շիրակի մարզի Արփի լճի ջրային տարածքներում սիրողական որսը և ձկնորսություն իրականացնելու համար պայմանագրերի կնքումը։ Այս մասին հայտնում է բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը։
««Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գ․ Ալեքյանին հանձնարարվել է ջրային տարածքներում ուժեղացնել հսկողությունը՝ ապօրինի որսը և ձկնորսությունը կանխելու նպատակով։
Ազգային պարկի ղեկավարությանը հանձնարարվել է հունվարի 29-ին ներկայացնել զեկուցագիր՝ «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ջրային տարածքներում որս և ձկնորսություն իրականացնելու հետագա հնարավորության և դրա գիտական հիմնավորումների վերաբերյալ։