Վիգեն Սարգսյանից դժգոհ են. նրա պաշտոնանկության հարցն է քննարկվում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ քննարկվում է Վիգեն Սարգսյանին նոր թեկնածուով փոխարնելու տարբերակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Հանրապետական կուսակցության շրջանակում քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

«Մեր աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նեղ շրջանակում դժգոհություն է հայտնել Վիգեն Սարգսյանից և նեղսրտել, թե Վիգենը չկարողացավ արդարացնել իրեն պաշտպանության նախարարի պոստում»,- նշված է հոդվածում:

Թերթը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնում է նաև, որ իշխանության վերին օղակներում քննարկվում է ապրիլի 9-ից հետո ՀՀ պաշտպանության գործող նախարար Վիգեն Սարգսյանին արտաքին գործերի նախարարություն տեղափոխելու հարցը: Ըստ նույն աղբյուրների` Վիգեն Սարգսյանը նոր կառավարությունում կարող է դառնալ արտգործնախարար, իսկ պաշտպանության նախարարի պոստում քննարկվում է Արտակ Զաքարյանին նշանակելու հարցը:

«Հայկական ժամանակի» աղբյուրները հայտնում են նաև, որ փոփոխությունների այս համատեքստում հնարավոր է, որ Վիգեն Սարգսյանին ԱԳՆ տեղափոխելուց հետո ԱԳ գործող նախարար Էդվարդ Նալբանդյանը իշխող ՀՀԿ-ի կողմից առաջադրվի հանրապետության նախագահի պոստում: