Նախագահի համար նոր նստավայր են կառուցում

«Ժամանակ» թերթը գրում է, որ շուտով կառավարության երկու մասնաշենք կունենանք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին նախագահի պաշտոնը թողնելուց և վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ներկայիս նախագահական նստավայրից հեռանալու մտադրություն չունի, իշխանությունները նոր նախագահական նստավայր են կառուցում: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Ավելի ճիշտ՝ նախագահական նստավայրը տեղափոխվելու է Մատենադարանի հարևանությամբ գտնվող կառավարության ընդունելությունների տուն, որտեղ այս օրերին վերանորոգման աշխատանքներ են իրականացվում»,- գրված է հոդվածում:

Ըստ «Ժամանակի»` արդյունքում մենք կունենանք կառավարության երկու մասնաշենք, մեկը` Բաղրամյան պողոտայում, որտեղ կլինի վարչապետի և իր աշխատակազմի նստավայրը, իսկ մյուսը` Հանրապետության հրապարակում, որտեղ կլինեն փոխվարչապետներն իրենց աշխատակազմերով: