ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Մոսկվացի Դարյա Մորոզովան Հայաստան է եկել, որպեսզի Ռուսաստանի մայրաքաղաքի մոխրագույն երկինքը փոխարինի երևանյան արևով։ Այս մասին նա պատմել է Sputnik Արմենիայի թղթակցին։
Դարյան իր հետ Մոսկվա է տարել մեր երկրի ամենակարևոր ապրանքանիշը` հայկական կոնյակը։ Նա պատրաստվում է լեգենդար ըմպելիքը նվիրել ամուսնուն։
«Հունվարի սկզբին անսպասելի որոշեցի Հայաստան գալ։ Որոշ չափով հիասթափվել էի` ինչպես են հայրենի Մոսկվայում կազմակերպում Նոր տարին։ Հետո էլ հոգնել էի անվերջ գորշ երկնքից։ Մենք արդեն վաղուց արդեն առանց արևի ենք ապրում», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Արևոտ Հայաստանը, նրա խոսքով, կատարյալ տարբերակ էր. նախ` այս տարի այստեղ տաք է, հետո էլ` բազում հետաքրքիր վայրեր կան։
«Հայաստանը հնագույն քաղաքակրթություն ունեցող երկիր է։ Ես ոչ մի անգամ ձեզ մոտ չէի եղել։ Երեք օր անցկացրի Հայաստանում», — նշեց Դարյան։
Զբոսաշրջիկը զբոսնել է Երևանում, հասցրել է լինել Գառնիում, Գեղարդում, Սևանում, Սևանավանքում։ Դարյան սիրահարվել է Սևանին։
Տեսել է Դիլիջանը, Հաղարծինը, Խոր Վիրապն ու Էջմիածինը։ Իսկ Ծաղկաձոր չի հասցրել մեկնել։
«Ի՞նչն ամենից շատ տպավորեց հայաստանյան ուղևորության ընթացքում։ Բնության անասելի գեղեցկությունը, սարերը, գեղատեսիլ լեռներով շրջապատված Սևանը, հին վանքերի ճարտարապետությունն ու այն փաստը, որ բոլոր հին վանքերը գործում են, հիանալի մթնոլորտը, Սուրբ ծնունդին նվիրված ժամերգությունները, երգչախումբը», — նշեց զբոսաշրջիկը։
Դարյան նախատեսում է Հայաստան վերադառնալ մայիսին, այդ անգամ արդեն ամուսնու հետ։ Ճանապարհորդը վստահ է` զարմանալի բնությունից ու բացառիկ ճարտարապետությունից բացի մեծ տպավորություն են գործում մարդիկ, նրանց հյուրընկալությունը, օգնելու պատրաստակամությունը, ջերմությունն ու դրական տրամադրվածությունը։
Նրա խոսքով` Հայաստանում ներքին ազատություն է զգացվում, ինչը դժվար է գտնել հարազատ Մոսկվայում։