Ո՞վ կղեկավարի Հայաստանը. քաղաքագետը նշեց իշխանական եռամիասնությունը

Երեք առաջնորդի ձեռքերում իշխանության կենտրոնացումը լավագույն լուծումը կդառնա Հայաստանի համար 2018թ–ին, կարծում է Հարությունյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Հայաստանի գործող նախագահի, վարչապետի և պաշտպանության նախարարի հմտությունների համատեղումը լավագույն լուծումը կլինի երկրի համար 2018թ-ին, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը։

«Ստեղծվել է որոշակի եռամիասնություն, որում կան Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հմտությունները, վարչապետ Կարեն Կարապետյանի տնտեսական հմտությունները (որը նախորդներից «ծանր» ժառանգություն է ստացել) և բանակում բարեփոխումներ անցկացնող փորձառու ադմինիստրատոր Վիգեն Սարգսյանը։ Ինձ թվում է, որ այդ անձինք ինչ-որ չափով պետք է ներկա լինեն 2018թ-ի ապրիլից հետո։ Բավական ուժեղ եռյակ է, և իմ կարծիքով` նպատակահարմար չէ որևէ փոփոխություններ անել», — ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ Սարգսյանը, լինելով Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար, դե ֆակտո ղեկավարում է Ազգային ժողովը, որտեղ հնարավոր են ցանկացած փոփոխություններ, այդ թվում` վարչապետի։ Այդքանը բավարար է քաղաքական դաշտում մնալու համար։

Մեկ այլ տարբերակ. Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ, կզբաղվի անվտանգության հարցերով, իսկ Կարապետյանը կդառնա փոխվարչապետ` հիմնական շեշտը դնելով տնտեսության վրա։ Միաժամանակ նա չբացառեց նրանց փոխգործակցության այլ ձևաչափերը։

Նախագահի համար նոր նստավայր են կառուցում

Ընդհանրացնելով անցած տարվա արդյունքները` Հարությունյանը նշեց, որ չնայած 2017թ-ի տնտեսական զգալի աճին (6 տոկոս) և արտահանման աճին` արդյունքները տպավորիչ չեն։

Բանն այն է, որ արտահանումն աճել է հումքի և գյուղատնտեսական արտադրանքի հաշվին, այլ ոչ թե գիտելիքահեն արտադրանքի։

«Գրեթե բացակայում է գիտելիքահեն արտադրանքը, պատճառն այն է, որ Հայաստանը զգալիորեն զիջել է իր հարևաններին այս ոլորտում», — ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` ուրախացնում է այն, որ տնտեսության մեջ սկսում են ի հայտ գալ նոր ուղղություններ, օրինակ` արևային էներգետիկան (արևային կայանների հայտնվելը), ստեղծվել է «Big Data» մշակման կենտրոնը, բանակում կներմուծվի տիեզերական հետախուզություն։