Հրապարակվել են մեքենաների մաքսային արժեքները

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է ՀՀ սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների հայտարարագրման ընթացքում կիրառվող մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի 267-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային արժեքը, հոդվածով սահմանված դեպքերում, որոշվում է մաքսային մարմինների կողմից՝ իրենց տրամադրության տակ եղած նույնանման ապրանքների վերաբերյալ գնային տեղեկատվության հիման վրա: Այս մասին ասել է Պետեկամուտների կոմիտեի սակագնային կարգավորման և հսկողության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Տիգրան Մինասյանը։

Ա՞ջ, թե՞ ձախ ղեկ. բանավիճում են պրոֆեսիոնալ վարորդներն ու մեքենաների գիտակները

«Մաքսային արժեքների մշակման ընթացքում, որպես գնային տեղեկատվություն, մաքսային մարմինների կողմից 267-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, օգտագործվել են մաքսային մարմինների տրամադրության տակ եղած ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների տեղեկատվական բազան, ինչպես նաև ավտոմեքենաների վաճառքով զբաղվող օտարերկրյա կազմակերպությունների կատալոգները և էլեկտրոնային կայքերը»,- ասել է նա:

ՊԵԿ-ում նշել են, որ այս նախաձեռնությունն իրականացվում է կոմիտեի թափանցիկ գործունեության շրջանակում՝ որպես ոլորտի նկատմամբ հանրության ուշադրությանն ընդառաջ ևս մեկ քայլ:

«Հրապարակայնության այս եղանակը թույլ կտա բավարարել ավտոտրանսպորտային միջոցների հայտարարագրման ընթացքում մաքսային արժեքի որոշման նկատմամբ հետաքրքրությունը: Նման աշխատաոճով մաքսային արժեքի որոշման գործընթացը դառնում է առավել թափանցիկ, հրապարակային, վստահելի և կանխատեսելի»,- ընդգծել է Տիգրան Մինասյանը:

Տվյալներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել Petekamutner.am կայքի համապատասխան բաժին հետևյալ հաջորդականությամբ՝ «Մաքսային տեղեկատվություն», «Տեղեկատվություն ԱՏԳ մասնակիցների համար», «Տեղեկատվություն ավտոտրանսպորտային միջոցների արժեքների վերաբերյալ»:

Տիգրան Մինասյանի հավաստմամբ՝ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային արժեքի վերաբերյալ կայքում զետեղված տեղեկատվությունը պարբերաբար ուսումնասիրվում է, և անհրաժեշտության դեպքում այն կվերանայվի ու կթարմացվի: