ԵՐԵՎԱՆ, 10 Հունվար — Sputnik. Երեկ` հունվարի 9–ին, ինֆորմացիա տարածվեց, որ ոստիկանությունը հայտնաբերել ու բերման է ենթարկել քրեական միջավայրում հայտնի Ճվճըվ Արոյի երկրորդ որդուն` Սերժ Վարդանյանին։
Սերժ Վարդանյանը մինչ այդ հետախուզման մեջ էր միաժամանակ երկու քրեական գործով։
2017թ. սեպտեմբերի 12-ին նա Հրաչյա Քոչար փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահից պոկել և բացահայտ հափշտակել էր Կարեն Գասպարյանի պարանոցի ոսկե շղթան, հետո ստորագրությամբ ազատ էր արձակվել։ Բայց մինչ ընթանում էր քրեական գործի նախաքննությունը, Վարդանյանը նոյեմբերի 26-ին ծեծկռտուք էր սարքել «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում, ծեծել ու հայհոյել մատուցողին։
Այս դեպքից հետո Վարդանյանը թաքնվել էր արդարադատությունից ու դեկտեմբերի 27-ից ի վեր հետախուզվում էր։
Տարօրինակ պատահականությամբ ոստիկանները Սերժ Վարդանյանին հայտնաբերել են միայն այն բանից հետո, երբ ձերբակալվեց նրա ավագ եղբայրը` Սարգիս Վարդանյանը։
Հիշեցնենք` հունվարի 8-ի գիշերը Երևանի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում Սարգիս Վարդանյանն իր վարած BMW-X5 մակնիշի ավտոմեքենայով հարվածել էր ոստիկանական ավտոմեքենային, որում գտնվող ոստիկանության երկու երիտասարդ ծառայողները վթարի հետևանքով մահացել էին։ Դեպքի վայրից փախուստի դիմած Սարգիս Վարդանյանը հաջորդ օրը ներկայացել էր ոստիկանություն ու ձերբակալվել։