Կասկածելի արդյունքներ, կամ պայքարը շարունակվում է. ինչո՞ւ է Հայրապետյանը դիմել իրավապահներին

Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի` իրավապահներին դիմելու քայլը աղմուկ բարձրացրեց։ Ինչո՞ւ հասարակությունը սուր արձագանքեց այս դիմումին։
Sputnik

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Հունվարի 9-ին հայտնի է դարձել, որ Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմել է իրավապահ մարմիններին  Հայաստանի առաջին խմբի առաջնության Վանաձոր – Էրեբունի խաղի գրանցված արդյունքն ուսումնասիրելու և հետևություններ անելու համար:

Ֆեդերացիայի նախագահի նման մոտեցումը շատ մարդկանց զարմացրել է, չնայած նրան, որ նման գործելակերպը ֆուտբոլում ընդունված կարգ է, ոչ թե արտասովոր երևույթ:

Գաղտնիք չէ, որ ֆուտբոլում ահռելի գումարներ են ներդրվում ու դրանից օգուտ են քաղում ակումբները, ֆուտբոլիստները, մարզիչները: Բայց այս ամենը, միանշանակ, արդար խաղի կանոնների համաձայն, ինչը հանդիսանում է համաշխարհային ֆուտբոլային գերատեսչության(FIFA)  և Եվրոպական ֆուտբոլի միության(UEFA) քաղաքականության ամենագլխավոր սկզբունքներից մեկը: Բնականաբար, նման սկզբունքով էլ առաջնորդվում են բոլոր երկրների ազգային ֆեդերացիաների:

Անհասկանալի իրավիճակ ֆուտբոլի ֆեդերացիայում. Ռուբեն Հայրապետյանը դիմել է իրավապահ մարմիններին

Գաղտնիք չէ նաև այն, որ ֆուտբոլային տարբեր մրցաշարերում ու տարբեր խաղերի վրա բուքմեյքերները խաղադրույքներ են սահմանում` հնարավորություն տալով գումար շահել նաև ֆուտբոլային գուրմաններին: Զուգահեռաբար բուքմեյքերների մոտ խաղադրույքների քանակի ու թվի հետ կապված առաջանում են խնդիրներ, որոնք էլ  քննարկվում են ֆեդերացիաների համապատասխան կոմիտեների կողմից, ու եթե հիմքեր են առաջանում` նաև քրեական գործեր են բացվում:

Ամեն շաբաթ կասկածելի արդյունքներ են գրանցվում տարբեր երկրներում: Ֆուտբոլին մոտ կապված մարդիկ շատ լավ հիշում են, թե ինչպես Երևանի «Ուլիս» ակումբի խաղերի կասկածելի արդյունքների հետ կապված իրավապահների կողմից գործեր հարուցվեցին ու մարդիկ պատասխանատվության ենթարկվեցին: Իհարկե, նման երևույթները ցանկալի չեն, և հենց դրա համար էլ Հայաստանի ֆուտբոլային գերատեսչությունում նույնպես կա ստեղծված հատուկ կոմիտե, որը միշտ ուշադրությամբ հետևում է բոլոր խաղերին ու արձագանքում նամ ՈւԵՖԱ-ի հաղորդագրություններին:

Առաջին խմբի Վանաձոր-Էրեբունի խաղը կայացել է 2017 թվականի նոյեմբերի 20–ին ու ավարտվել դաշտի տերերի հաղթանակով՝ 5:0 հաշվով: Թվում է` ոչ մի արտասովոր բան չկա: Առաջին խմբի առաջատարը խոշոր հաշվով հաղթանակ է տարել: Բայց, քանի որ ՈւԵՖԱ-ից հաղորդագրություն է ստացվել այդ խաղի կասկածելի խաղադրույքների մասին, դա արդեն փաստ է, և ֆեդերացիան էլ, պարզապես, հետևելով կանոնակարգին, դիմել է իրավապահներին:

FAF–ն ընդդեմ ՀՖՖ–ի

Շատ դեպքերում հրապարակումներ չեն լինում այլ կարգի խաղերի հետ կապված: Բայց դա չի նշանակում, որ ինչ —որ մի խաղ անտեսվել է ֆուտբոլային համապատասխան կառույցների տեսադաշտից: Կարճ ասած` ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի դիմումը իրավապահ մարմիններին ոչ թե արտասովոր երևույթ պետք է համարել, այլ հերթական քայլ: Չնայած, նույնիսկ հիմա դեռևս դժվար է ասել, որ Վանաձոր – Էրեբունի խաղի արդյունքը հետևա՞նք է կողմերի պայմանավորվածության: Ինչպես ասում են` ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանները:

Իսկ որպես վերջաբան նշենք այն հայտարարությունը, որը հրապարակվեց  ֆեդերացիայի նախագահի դիմումի մասին իմանալուց հետո.«Նշված խնդրի դեմ պայքարը շատ կարևոր է ինչպես ֆուտբոլային կառույցների, այնպես էլ ողջ հասարակության համար: Այդ համատեքստում, ինչպես նաև միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործառույթներից է նաև ֆուտբոլային հանդիպումների այդ տեսանկյունից վերլուծությունների կատարումը և միջազգային  կառույցների կողմից կատարված վերլուծությունները ՀՀ իրավապահ մարմիններին տրամադրելը»: