Անհասկանալի իրավիճակ ֆուտբոլի ֆեդերացիայում. Ռուբեն Հայրապետյանը դիմել է իրավապահ մարմիններին

Վանաձոր-ՖԱ Էրեբունի ֆուտբոլային հանդիպման համար կաշառք տալու և ստանալու կասկածանքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 201 հոդվածի 1-ին և 3-րդ մասերի հատկանիշներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու ՀՀ առաջին խմբի 2017-2018թ-ի մրցաշրջանի ՖԱ Լոռի Վանաձոր-ՖԱ Էրեբունի հանդիպման կազմակերպիչներին և մասնակիցներին հնարավոր կաշառք տալու կամ նրանց կողմից կաշառք ստանալու հանգամանքները: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Երեկ՝ հունվարի 9-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որոշմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում նախաքննություն է սկսվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի դիմումի փաստով։

Ռուբեն Հայրապետյանը դիմել է իրավապահ մարմիններին, առաջարկելով ուսումնասիրել 2017 թվականի նոյեմբերի 20-ին կայացել է ՀՀ առաջին խմբի 2017-2018 թվականների մրցաշրջանի ֆուտբոլի առաջնության Վանաձոր-ՖԱ Էրեբունի հանդիպումը։ Հիշեցնենք, որ այն ավարտվել է 5։0 հաշվով։

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտնել է նաև, որ զեկույց է կազմվել ՈՒԵՖԱ-ի կողմից, որում մասնագետները վերլուծության են ենթարկել ամբողջ խաղի ընթացքն ու դրա վրա կատարված խաղադրույքները։ Այդ ամենից հետո առաջացել են կասկածներ, որ մրցումների կամ մրցույթների արդյունքների վրա ազդելու նպատակով չի բացառվում, որ խաղի կազմակերպիչներին և մասնակիցներին տրվել, իսկ վերջիններիս կողմից ստացվել կամ ընդունվել են կաշառք ստանալու առաջարկներ։

Փաստի առթիվ անգամ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 201 հոդվածի 1-ին և 3-րդ մասերի (արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը) հատկանիշներով։