Թեժացում կլինի՞ արդյոք Արցախում. վերլուծում է քաղաքագետը

Հայկական բանակի մարտունակության ավելացումն իրավիճակի վրա ազդող գործոններից մեկն է, կարծում է Գագիկ Հարությունյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Արցախում լայնածավալ ռազմական գործողություններ չեն լինի, այսօր լրագրողներին ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը։

«Հայաստանի միջազգային դիրքերը, ի տարբերություն Ադրբեջանի, մի քիչ բարելավվել են։ Մասնավորապես, շատ կարևոր էր Եվրամիության հետ պայմանագրի ստորագրումը», – ասաց Հարությունյանը։

Սարգսյան. «Արցախի հարցում միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով»

Նրա խոսքով` Արևմուտքում մեկուսացման գործընթացները (Brexit, ԱՄՆ–ի և եվրոպական երկրների միջև հակասությունները) նպաստում են Հարավային Կովկասում ստատուս քվոյի պահպանմանը։

«Ես հեռու եմ այն կարծիքից, որ Արցախի հարցում կարող է ինչ-որ առաջընթաց լինել, բայց չեմ կարծում, որ կարող են վերսկսվել լայնածավալ ռազմական գործողություններ, ինչպես դա եղել է 2016թ–ին», – ասաց Հարությունյանը։

Քաղաքագետը չի կարծում, որ Ադրբեջանում կայանալիք ընտրությունների ֆոնին (2018թ–ի հոկտեմբերի 17) պաշտոնական Բաքուն կգնա հակամարտության թեժացման ։

«Հայաստանի համար բարենպաստ արտաքին քաղաքական իրավիճակից բացի, զգալիորեն բարձրացել են ագրեսիային պատասխան տալու հայկական բանակի հնարավորությունները», – նշեց Հարությունյանը։

Նա ասաց, որ իրեն ուրախացնում և ոգեշնչում է հայկական ռազմաարդյունաբերական համալիրի վերածնունդը և զարգացումը։

«Որքան գիտեմ (ինձ թվում է` ես այդ մասին ինչ-որ բան գիտեմ), այստեղ մեր հնարավորությունները զգալիորեն բարձրացել են», – ասաց քաղաքագետը։