Ադրբեջանուհուն մեղադրել են հայ ընկերների օգնությամբ Արցախ գաղտնի այցելելու փորձի մեջ

«Հայ ընկերները» պետք է օգնեին աղջկան թաքցնել «նենգ» ծրագիրը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Համացանցի ադրբեջանցի օգտատերերից մեկը` Զիյա Աթան, մեղադրել է իր հայրենակցուհուն` ուսանողուհի Ֆիդան Թյուրքսոյին, որ նա իբր ցանկանում է գաղտնի կերպով Արցախ այցելել:

Ալիևի ներմանն արժանացած բլոգեր Լապշինը ժամանեց Իսրայել

Այդ մասին սոցցանցում գրել է Աթան` հրապարակելով Թյուրքսոյի հետ ունեցած նամակագրությունը, որը պետք է ապացույց հանդիսանար աղջկա «նենգ» ծրագրի համար:

Ընդ որում, Աթան պնդում է, որ աղջիկը ցանկանում է խուսափել անձնագրում համապատասխան կնիք դնելուց, որպեսզի Ադրբեջանում նրա այցի մասին չիմանան: Եվ դրանում նրան պետք է օգնեին «հայ ընկերները»:

Ֆիդան Թյուրքսոյն իր հերթին այդ մեղադրանքները զրպարտություն է անվանել` կոչ անելով չենթարկվել խաբեության ու չհավատալ գրառումներին և նամակագրությանը:

Նա ամեն ինչ բարդել է Զիայի հետ ունեցած անձնական կոնֆլիկտի վրա` պնդելով որ նա զրպարտում է իրեն: Ֆիդանի վկայությամբ` նա իսկապես Facebook-ում հայ  ընկերներ ունի, սակայն պետական գաղտնիքների չի տիրապետում, այնպես որ նրանց որևէ տեղեկություն փոխանցել չի կարող, պնդում է աղջիկը:

Այժմ Ֆիդան Թյուրքսոյի Facebook-յան էջն ապաակտիվացրած է:

Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ նախկինում Թյուրքսոյին արդեն քննադատել են հայերի հետ ընկերություն անելու համար, ինչին ի պատասխան նա հայտնել էր, որ հայերեն է ուսումնասիրում համացանցի միջոցով և հայերն օգնում են նրան այդ հարցում, իսկ նա փոխարենը նրանց ադրբեջաներեն է սովորեցնում:

Տեղական ԶԼՄ-ները Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության արձագանքին են սպասում: