ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Համացանցում քննարկման թեմա է դարձել մի տեսանյութ, որում երևում է` ինչպես է հայը ձեռքով «հատում» շիկացած մետաղի հոսանքը։ Տեսանյութի գլխավոր հերոսին «անողոք» չելյաբինցու տեղ են դրել։
Տեսանյութը մեծ տարածում ստացավ 2017 թվականի դեկտեմբերին, հենց այդ ժամանակ էլ լրատվամիջոցները սկսեցին անդրադառնալ այս թեմային։
Տեսահոլովակում տղամարդը ձեռքը մի քանի անգամ անցկացնում է շիկացած մետաղի հոսանքի միջով` առանց վնասվածքներ ստանալու։
Sputnik Արմենիային հաջողվել է պարզել, որ տեսանյութը դեռ 2016 թվականի սկզբին նկարահանվել է Հայաստանում` Ալավերդի քաղաքի պղնձաձուլական գործարանում։
Տեսանյութի հերոսի անունը Արկադի Մգդսյան է, ծնվել է Ալավերդիում։ Արկադին տեսանյութի տակ գրել է. «Վառարանից խարամ է թափվում։ 1250 աստիճան ըստ Ցելսուսի»։
Օգտատերերից շատերն իսկույն հասկացել են, որ այստեղ գործում է Լեյդենֆրոստի էֆեկտը։
Լեյդենֆրոստի էֆեկտը մի երևույթ է, որի ժամանակ հեղուկը, դիպչելով այդ հեղուկի եռման կետից շատ ավելի տաք մարմնի, մեկուսացնող շերտ է ստեղծում։
Տեսանյութը ուշադիր նայելիս կարելի է նկատել, որ այն երկու մասից է բաղկացած, ու երբ Մգդսյանը երկրորդ անգամ հանում է ձեռնոցը, ձեռքից ջուր է կաթում։