Սուրբ ծնունդի պատարագից հետո մենք նշում ենք Ջրօրհնեքի կարգը, որով հիշատակում ենք Քրիստոսի մկրտությունը, խաչը ջուրը իջեցնելը խորհրդանշում է նրա` Հորդանան մտնելը։ Խաչքավորը խորհրդանշում է Հովհաննես Մկրտչին, որ մկրտեց Հիսուսին։
Տեր Եսայի քահանա Արթենյանը շեշտում է, որ Մայր Աթոռում և առհասարակ հայ առաքելական եկեղեցիներում խաչքավոր լինում են և՛ մշակույթի գործիչները, և՛ քաղաքական-հասարակական գործիչները։ Խաչքավորի ընտրությամբ առանձնակի ընդգծվում է եկեղեցու վերաբերմունքն այս կամ այն կառույցին, որի ներկայացուցիչն ընտրվում է խաչքավոր։
«Մեծ կամ արտառոց բան չէ, որ պաշտպանության նախարարը լինի խաչքավոր, որովհետև այդ փորձառությունը մենք ունենք, և որևէ անպատեհություն չկա։ Եթե մարդիկ դրա վերաբերյալ զավեշտի հասնող մեկնաբանություններ են տալիս, ապա դրանք պարզապես շինծու և ոչ կոռեկտ քննադատություններ են»,- ասում է քահանան։
Նա նշում է, որ հայ եկեղեցին միշտ եղել է բանակի կողքին, եկեղեցու մշտական մտահոգություններից մեկը եղել է հայ զինվորը և նրա հոգևոր խնամքը։