Արամ Գարեգինյան, Sputnik.
Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող Տավուշի մարզի գյուղերում գյուղացիները կսկսեն տեղական գինի պատրաստել։ 9 ֆերմեր, որոնք 2017 թվականի վերջին ընտրվել են ծրագրի համար, հնձաններ ու շշալցման համար կոնվեյերներ կստանան։
«Իհարկե, մենք կհետևենք, որպեսզի բարձր որակ ապահովվի, չլինեն սնկեր ու օտարածին համեր», – նշում է «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքներին» ծրագրի համակարգող Արմեն Տիրատուրյանը։
Շուրջ 62 հազար մարդ ունեցող 45 համայնքի համար նախատեսված նախագիծն անցկացնում է ՄԱԿ–ի զարգացման ծրագիրը (UNDP)։ Աշխատանքների համար հինգ միլիոնից մի փոքր ավելի հատկացրել է Ռուսաստանի կառավարությունը։ Ծրագրի նպատակն է Տավուշի սահմանամերձ գյուղերում ֆերմերներին աշխատելու ու գումար վաստակելու նոր հնարավորություններ ստեղծելը։
«Մեր կողմից ընտրված գինեգործները տարեկան նվազագույնը 100 շիշ գինի պետք է արտադրեն։ Սա սկզբնական փուլում։ Իսկ երբ պահանջարկ կլինի, կընդլայնենք նաև առաջարկը։ Իսկ պահանջարկ պետք է լինի, քանի որ գինին արտադրվելու ու վաճառվելու է տարածաշրջանի մակնշմամբ։ Պիտակի վրա ճանաչելի դիզայն կլինի», – նշում է Տիրատուրյանը։
Ծրագրի նպատակն է, օգնել գյուղացուն ավելի շատ գումար վաստակելու հարցում։ Եթե արտադրություն, ապա որևէ թանկ բանի։ Եթե ենթակառուցվածքներ, ապա տնտեսմամբ` կաթիլային ոռոգում, led լույսերով լուսավորություն, շենքերի ջերմամեկուսացում։
Նման ծրագիր է իրականացվում Ոսկևան գյուղում։ Խոշորագույն նախագիծ է հաստատվել նաև մեկ այլ «ոսկի» գյուղում` Ոսկեպարում։ Մրգերի և հատապտուղների համար սառնարաններ են տեղադրված։ Կլինեն 20-25 մշտական հավաքողներ։ Եվս 8 մարդ կաշխատի արտադրամասում` վերամշակման և փաթեթավորման վրա։ Թարմ հատապտուղների ու չրերի համն արդեն գրավում է խոշոր բիզնեսին։ Բացի այդ, գյուղացիների սեղանին սեփական արտադրության հաց կհայտնվի։
Ներքին Ծաղկավան և Սարիգյուղ գյուղերի համար ծրագրով նախատեսված է փոքր ալրաղաց բացել։ Ցորենի դաշտեր շատ կան, իսկ ցորենն աղալու համար գյուղացիները, երբեմն, ստիպված են 130 կմ հեռավորություն կտրել-անցնել ու հասնել Եղվարդ։
Աղացի հետ մեկտեղ կավարտվի նաև երկու մեքենա–տրակտորային կայանների ստեղծումը։ Մեկը` Սարիգյուղ և Ներքին Ծաղկավան գյուղերի համար, մյուսը` Տավուշի և Չինչինի համար։
Դրանք կզինեն հացահատիկ հավաքող կոմբայնով ու տրակտորով։ Գյուղացիներն արդեն գումար են հավաքում սերմնացուի հիմնադրամի համար։
Գյուղացիներին օգնում են ոչ միայն աշխատել, այլ ավելի լավ պատկերացում կազմել, թե ինչ է իրենց հարկավոր։ Նախագծերը հիմնականում բաշխում են ըստ գյուղացիների հայտերի։ Իսկ նրանք պետք է ապացուցեն, որ այն գործիքներն ու նյութերը, որոնք ստանում են, «չեն ժանգոտի»։ Իսկ եթե հայտ է ներկայացված խոշոր արտադրության համար, ապա պետք է ցույց տալ, որ տեխնիկան ու շահույթը կկառավարվեն փոխհամաձայնությամբ` առանց մենաշնորհի։