Հայ «սիգարետային հեղինակության» մուտքը Ռուսաստան արգելել են ութ տարով

Փորձել է սահմանապահների հետ մաքսանենգ ճանապարհով սիգարետ անցկացնել։ Չի ստացվել։ Որպես արդյունք` մեկուկես տարի բանտ ու ութ տարվա «աքսոր»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Սիգարետների հայ մաքսանենգին ութ տարով արգելել են Ռուսաստան մուտք գործել։ Այդ մասին հայտնում է Դոնի Ռոստովի քաղաքային լուրերի 1rnd.ru կայքը` հղում անելով ԱԴԾ–ի տեղական վարչությանը։

Երևանցին, որի անունը չի նշվում, 2016 թվականին փորձել է կաշառքով մաքսանենգ ճանապարհով սիգարետների խմբաքանակ անցկացնել։ Նրան չի հաջողվել սահմանապահների հետ համաձայնության գալ։

Նրան ձերբակալել են ու մեկուկես տարով բանտարկել։ Պատիժը կրելուց հետո բանտի դռների մոտ նրան դիմավորել են սահմանապահները` երկրից աքսորելու համար։

Անհաջողակ «սիգարետային հեղինակությունը» կկարողանա Ռուսաստան վերադառնալ միայն ութ տարի հետո. այդքան է հարկավոր դատվածությունը մարելու համար։