ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Հայաստանում մեկնարկեց 2018 թվականի առաջին զորակոչը, ՊՆ-ի Կենտրոնական հավաքակայանում զինվորներին ոգեշնչելու համար ժամանեցին Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն ու պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Մեկնարկել է 2018 թվականի առաջին զորակոչը։ Անցյալ տարի ուժի մեջ մտավ «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքը, որում որոշակի փոփոխություններ են կատարվել։ Չեղարկվել է մինչև 150 կմ հեռավորության վրա ծառայությունն անցնելու մասին արտոնությունը (ցանկացած զինվոր կարող է ծառայության անցնել մոտակա զորամասում), այժմ այս մարդիկ կծառայեն ոչ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում», — ասաց Հակոբյանը։
Որոշակի փոփոխություններ կան սննդի կազմակերպման հարցում։ Այժմ զինվորներին ծառայության վայր ուղարկելիս զինծառայողներին պատրաստի ուտելիք են տալու ճանապարհին սնվելու համար։
Նրա խոսքով` արդեն գործում է «Ես եմ» ծրագիրը, որին մասնակցելու համար դեկտեմբերի 30-ի դրությամբ արդեն 120 հայտ է ներկայացվել։
Հակոբյանն անդրադարձավ նաև ծնողների դժգոհությանը, թե բանակ են զորակոչում ծառայության հետ անհամատեղելի հիվանդություններ ունեցող տղաներին։ Նա նշեց, որ բոլոր ատյանները, ընդհուպ մինչև դատարան, բաց են անարդարությունները վերացնելու համար։
«Բանակին վատառողջ զինվորներ պետք չեն, հակառակը`առողջ ու ծառայությանը պատրաստ զինվորներ են հարկավոր։ Ծառայությունը որոշակի դժվարություններ է ենթադրում, և մեզ առողջ մարդիկ են պետք, որպեսզի մենք կարողանանք զինվորներ պատրաստել, ոչ թե բուժենք նրանց ամբողջ ծառայության ընթացքում», — ասաց Հակոբյանը։
Գլխավոր շտաբի պետը նշեց, որ վերջին տասը տարվա ընթացքում զորակոչիկների քանակը նվազում է, այս տարի վերջինը պետք է լինի. նրանց տեղը զբաղեցնում են պայմանագրային զինծառայողները։
«Մենք բանակը զուգահեռաբար համալրում ենք պայմանագրային զինծառայողներով։ Դա չի անդրադարձել բանակի մարտունակության վրա։ Այսօր բանակի շուրջ 65%-ը պայմանագրային զինծառայողներ են, միայն 35%-ն են պարտադիր ծառայություն անցնող զինվորներ», — ասաց Հակոբյանը։
Մովսես Հակոբյանն ու Արտակ Զաքարյանը Կենտրոնական հավաքակայանում զրուցեցին առաջին զորակոչիկների հետ, խոսեցին նրանց մտահոգող խնդիրների մասին։
Նրանք բանակային ծառայության մասին մի քանի պատմություն պատմեցին, հիշեցին, թե ինչպես էին ժամանակին զինվորները «պարտիանկա» փաթաթում ոտքերին, խոսեցին բանակի նկատմամբ պարտքի ու պատասխանատվության, անվտանգության և սահմանի անձեռնմխելիության մասին։
«Այս երկու տարիներն ամենակարևորը կդառնան ձեր կենսագրության մեջ», — ասաց Զաքարյանը։
Երբ առաջին զորակոչիկները հագան զինվորական համազգեստը, նրանց թույլ տվեցին հրաժեշտ տալ հավաքակայանի մոտ հավաքված ծնողներին ու ընկերներին։
«Մոտեցի՛ր, համբուրեմ ու գնա», — որդուն գրկեց ու հրաժեշտ տվեց մայրը։
Նոր օրենքի համաձայն` նվազագույնը մինչև 150 կմ հեռավորության վրա զինվորական ծառայությունն անցնելու մասին պահանջը չեղարկվել է։ Վիճակահանության հիման վրա նորակոչիկները հնարավորություն կստանան ծառայելու բնակության վայրին մոտ գտնվող զորամասերում։
Արտոնություններ ունեցող քաղաքացիները մարտական հերթապահությունն իրականացնելու են ըստ իրենց ցանկության։