Ողբերգական ավտովթար Երևանի կենտրոնում. «Ճվճըվ Արոյի» որդին փախել է, ոստիկանը` մահացել

Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մեկը մահացել է, մյուսի վիճակը ծայրահեղ ծանր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnk. Հունվարի 8-ին, ժամը 04:13-ին ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Երևանում ծխախեղդ եղած տղամարդու դիակ են հայտնաբերել

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» մակնիշի (վարորդ՝ Ա. Դ.) և «BMW X6» մակնիշի (վարորդ՝ Ս. Մ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Ա. Դ.-ն տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, որտեղ մահացել է:

Փրկարարները «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 1984 թ. ծնված Խ. Գ.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են «BMW X6» մակնիշի ավտոմեքենան:

Ըստ shamshyan.com-ի՝ BMW X 6-ի վարորդը Toyota-ին բախվելուց հետո բախվել է ճանապարհի մայթեզրին տեղադրված գովազդային վահանակին և հայտնվել մայթին, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։

«Նշված ավտոմեքենան վարել է հանրությանը հայտնի, բազմաթիվ ավտովթարների հեղինակ, քրեական պատմություններով հարուստ, նախկինում դատապարտված «Ճվճըվ Արոյի» որդին` «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանը»,– նշված է կայքում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը օրեր առաջ է երեխա ունեցել:

Կայքը հայտնում է, որ մահացած Ա. Դավթյանն ու վիրավոր Խ. Գասպարյանը ծառայության մեջ են եղել. աշխատում էին ՃՈ 1-ին սպայական գումարտակում: