Ծնողներից մեկի համաձայնությունը բավարար է. օրենքն արդեն ուժի մեջ է մտել

Երեխայի իրավունքներն այլևս չեն խախտվի ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. 2018թ. հունվարի 6-ին ուժի մեջ են մտել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները: Ըստ փոփոխություններից մեկի ծնողների համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, և առկա է ծնողներից մեկի համաձայնությունը: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։

Այսինքն, եթե երեխայի ծնվելու պահին ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը օտարերկրյա պետության քաղաքացի, և բացակայում է նրանց համաձայնությունը երեխայի ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ, երեխան կարող է ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր, եթե բնակվում է ՀՀ-ում և դրա համար դիմում է նրա ծնողներից մեկը:

Այս դեպքում նշանակություն չունի, որ ծնողն է դիմում՝ Հայաստանի Հանրապետության, թե օտարերկրյա պետության քաղաքացին:

Երեխան, որի ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Այս դեպքում, երեխայի անձնագրավորման համար անձնագրային ծառայություն դիմելիս մյուս ծնողի համաձայնությունը չի պահանջվում: