ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Փետրվարի վերջին տասը օրում առաջադրվելու են հանրապետության նախագահի թեկնածուները, հաղորդում է Հանրային հեռուստաընկերությունը։
Մարտի առաջին տասը օրում տեղի է ունենալու հանրապետության նախագահի ընտրությունը՝ նոր կարգով։ Նախագահին ընտրելու է խորհրդարանը։
Նոր նախագահն իր լիազորությունները ստանձնելու է ապրիլի 9-ին։ Հենց այդ ժամանակ էլ կդադարեն գործող նախագահի լիազորությունները և կառավարությունը հրաժարական կտա։ Նոր կառավարություն ձևավորելու համար Ազգային ժողովի խմբակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի թեկնածուներին։
Խմբակցությունները վարչապետի թեկնածուին ներկայացնելու համար մեկ շաբաթ ժամանակ ունեն՝ ապրիլի 9-16-ը, որից հետո Ազգային ժողովը նիստում պետք է ընտրի վարչապետ։
Խորհրդարանի ընտրած թեկնածուին վարչապետ է նշանակելու հանրապետության նախագահը։ Նշանակվելուց հետո արդեն 5 օրում հանրապետության վարչապետն առաջադրելու է փոխվարչապետներին, նախարարների թեկնածուներին։ Նախագահը նրանց նշանակելու է եռօրյա ժամկետում։
Նոր կառավարության ձևավորման հնարավոր ժամկետը մայիսի 1-10-ն է, իսկ անցումը խորհրդարանական կառավարման ավարտված կհամարվի այն օրը, երբ լիազորությունները կստանձնի հանրապետության նորընտիր նախագահը։