Երկարատև հանգստի «հակառակորդ» Կարեն Կարապետյանը որոշել է հանգստանալ

Հայաստանի վարչապետն արձակուրդ է վերցրել մի քանի օրով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետն այսօրվանից արձակուրդ է վերցրել։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը։

«Վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 8-12-ը գտնվելու է արձակուրդում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատյանը։

Նա նաև նշել է, որ վարչապետն արձակուրդը կանցկացնի արտերկրում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին ՀՀ կառավարության նիստում Կարեն Կարապետյանը միայն մեկ հանձնարարություն էր տվել` մի լավ հանգստանալ։

Կարեն Կարապետյանը հանձնարարեց նախարարներին վերջին անգամ մի լավ ուրախանալ

«Հանգստացեք տոներին, լավ վայելեք, իսկ մինչև հունվարի 15-ը աշխատանքի տարեկան հաշվետվություն ներկայացրեք», – ասել էր նա։

Առավել ևս, որ Ամանորի երկարատև տոները վերջինն են լինելու։ 2019 թվականից աշխատանքի ենք գալու հունվարի 3-ից։

«Այնպես որ մի լավ հանգստացեք», – ավելացրել էր վարչապետը։

Ավելի վաղ, վարչապետի պնդմամբ, կառավարությունը ներկայացրել էր «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի փոփոխման նախագիծը։ Նախագծում կատարված փոփոխությունների համաձայն` այլևս տոնական չեն համարվի հունվարի 3–ը, 4–ը, 5–ը։ 2019 թվականից հայաստանցիներն աշխատանքի դուրս կգան հունվարի 3-ից։