ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Բրիտանական The Guardian օրաթերթն անդրադարձել է նկարիչ Հայկ Այվազյանին։
Հայտնի արվեստաբան Լորա Քամինգը բրիտանական պարբերականի համար արաբական արվեստի առավել հետաքրքիր նկարիչների ու քանդակագործների ցանկ է կազմել։
Նա այդ ցանկում առանձնացրել է Հայկ Այվազյանին` նշելով, որ նկարիչը ժամանակակից արվեստի ստեղծագործություններ ստեղծելիս վերադառնում է ավանդական միջոցներին։
Քամինգը հայ նկարչին անվանել է Բրիտանիայում անցկացված «From Ear to Ear to Eye» ցուցահանդեսի աստղերից մեկը։ Նրա ստեղծագործություններն ավանդական երաժշտական գործիքներն են` թառը, ուդը և այլն։ Հայ նկարիչը կարողանում է «երաժշտությունից» ստեղծել քանդակներ, որոնք չեն նվագում, բայց որոնց կարելի է ժամերով նայել։
«Այվազյանի քանդակները կորսված մշակույթի էլեգիա են։ Նրա աշխատանքները նման չեն երաժշտական գործիքների, ավելի շուտ` կտտանքների զոհեր են»,- ասել է արվեստաբանը։
Նոթինգեմի թանգարանի ղեկավարությունն Այվազյանի աշխատանքները հրապարակել է Instagram-ի պաշտոնական էջում։
Հայկ Այվազյանը ծնվել է 1980 թվականին Բեյրութում։ Իր ստեղծագործություններում նա չի սահմանափակվում միայն քանդակներով ու նկարներով. նկարիչը հաճախ է նաև պերֆորմանսներ է ներկայացնում և հետաքրքիր տեսանյութեր պատրաստում։ Նրա աշխատանքներում միահյուսվում են անձնական խնդիրներն ու աշխարհաքաղաքական թեմաները։