Ազնավուրի սկանդալային հայտարարությունը. շանսոնիեն ցնցել է ֆրանսիացիներին

Շառլ Ազնավուրը միգրանտների նկատմամբ ընտրողական քաղաքականության մասին իր հայտարարությամբ հասարակական բուռն բանավեճի առիթ է տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Ֆրանսիան չի կարող ընդունել բոլոր միգրանտներին, սակայն նրանց թվում կարող են հանճարներ լինել, որոնք կարող են օգուտ լինել երկրին։ Նրանց կարելի է ընտրել, հայտնել է հանրահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը` France 2–ի եթերում պատասխանելով Ֆրանսիայի միգրացիոն քաղաքականությանը վերաբերող հարցին։

Նախօրեին Ազնավուրին և հայտնի վրացի դաշնակահարուհի Կատիա Բունիաթշվիլուն France 2 հեռուստաալիքի տաղավար էին հրավիրել, գրում է Huffington Post–ը։

Հաղորդավար Լորան Դելաուսի` Ֆրանսիայի համար ցավոտ, փախստականներին վերաբերող հարցին պատասխանելիս` Ազնավուրը հայտնեց, որ միգրանտների հարցում ընտրողական քաղաքականություն է պետք իրականացնել։

Ազնավուրը շփոթեցրել է Իսրայելի նախագահին. ցեղասպանության հարցը հանգիստ չի տալիս նրան

«Առաջին հերթին հիշել է պետք, թե կոնկրետ ում հետ գործ ունենք։ Նրանց շարքում կարող են հանճարներ լինել։ Իրականությունն այն է, որ բոլորին մենք ընդունել չենք կարող. դա սխալ և շատ բարդ կլիներ։ Սակայն մենք կարող ենք ընտրել նրանց, ովքեր մեզ հետաքրքիր են», – հայտնել էր Ազնավուրը` որպես օրինակ բերելով Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր Մարի Կյուրիի պատմությունը։

«Եթե մենք այսօր որոշում կայացնեինք, ապա, ըստ ամենայնի, կասեինք նրան` «ցտեսություն, տիկին»», – ասել է հանրահռչակ շանսոնիեն։

Ազնավուրի խոսքերը բուռն հասարակական բանավեճի տեղիք են տվել։ Շատերը կարծիք են հայտնել, որ հայ փախստականների ժառանգին չի սազում խոսել «սելեկտիվ» մոտեցման մասին։

«Իսկապես չէի սպասում, որ Շառլ Ազնավուրը, ով ինքն իրեն «փախստականների որդի, երկուսուկես մշակույթների կրող» է անվանում, կողմնակից կլինի միգրանտների հանդեպ ընտրողական վերաբերմունքին», – Twitter–ում գրել է օգտատեր Nadia Sorelli–ն։

CNN հեռուստաալիքը և Time ամսագիրը 1998 թվականին անցկացրած հարցման արդյունքներով Ազնավուրին «XX դարի վարիետեի պատմության մեջ ամենանշանավոր արտիստ» են ճանաչել։

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում հայի ընտանիքում։ Ամբողջ կյանքի ընթացքում նա ավելի քան 180 մլն սկավառակ է վաճառել, 1300 երգ գրել և խաղացել 60 ֆիլմերում։