Երևանը կտա՞ համաձայնություն. առանց Հայաստանի Իրանի և Վրաստանի միջև գազային գործարք չի լինի

Թեհրանի դիրքորոշումը. առաքումները կարող են իրականացվել միայն Հայաստանի տարածքով և իշխանությունների համաձայնության դեպքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Իրանը պատրաստ է իրանական գազի առաքումներ կազմակերպել Վրաստան, սակայն տարանցումը պետք է իրականանա Հայաստանի տարածքով, շաբաթ օրը հայտարարել է Իրանի ազգային գազային ընկերության գլխավոր տնօրեն Համիդ Ռեզա Արակին, հաղորդում է Parstoday–ը։

Բեկումնային այցելություններն ու ՆԱՏՕ–ն. ինչով կհիշվի հայ–վրացական 2017–ը

Մեկնաբանելով Թեհրանի և Թբիլիսիի միջև հնարավոր գործարքը դեպի Վրաստան գազի առաքումների վերաբերյալ` Արակին նշել է, որ առաքումները բացառված չեն, և եթե կողմերը հանգեն վերջնական պայմանավորվածության, ապա նախագծում կարելի է ներառել մասնավոր հատվածը, և գազը տարանցիկ ճանապարհով Հայաստանից առաքել Վրաստան։

Որպես նախագծի իրագործման բարենպաստ գործոններ Արակին նշել է արտահանման ենթակառուցվածքի առկայությունը, ինչպես նաև իրանական բնական գազի հարմար գները։

«Աշխարհաքաղաքական պայմանների լույսի ներքո իրանական գազի առաքման հնարավորություն կա տարածաշրջանի շատ երկրներ, այդ թվում` Վրաստան, սակայն նման առաքումները պետք է իրականանան Հայաստանի տարածքով և այդ երկրի իշխանությունների համաձայնությամբ», – մեջբերում է գործակալությունը Համիդ Ռեզա Արակիին։

Թեհրանի, Երևանի և Թբիլիսիի միջև պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում մասնավոր հատվածի ձեռնարկությունները կարող են գազ գնել Իրանից և վերավաճառել այն Վրաստանի տարածքում։

Իրանն ունի աշխարհում «կապույտ վառելիքի» ամենախոշոր պաշարները` 33,8 տրիլիոն խորանարդ մետր։