ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Վաչե Նվերի Չիլինգարյանի սպանության դեպքի առթիվ։ Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Քննչական կոմիտեն հաստատել է տարածված լուրերն այն մասին, որ Վաչե Չիլինգարյանի հետ մարտական դիրքում վիրավորվել են նաև նրա երկու ծառայակիցները:
Նկատելով, որ սերժանտ Վաչե Նվերի Չիլինգարյանը ձախ թիկնային շրջանում մահացու վիրավորում է ստացել հակառակորդի արձակած կրակոցից` նրա ծառայակից ավագ լեյտենանտ Ե.Մուսինյանը, ապա՝ պայմանագրային զինծառայող, վարորդ Դ.Վանյանը շտապել են նրան օգնության: Նրանք ևս վիրավորվել են հակառակորդի կրակոցներից: Վանյանն ու Մուսինյանը տեղափոխվել են զինհոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի առիթով Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննույթուն:
ՊԲ զինծառայող 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը մահացու վիրավորվել է հունվարի 7-ին, 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի կողմից արձակված կրակոցից:
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանով Չիլինգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: