Արցախում զոհված զինվորը Արծվաշենից տեղահանված ընտանիքի զավակ էր

Հունվարի 7-ին Արցախում զոհված զինծառայող Վաչե Չիլինգարյանը Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից էր: Համայնքի գյուղապետը Sputnik Արմենիային որոշ մանրամասներ է պատմել Վաչեի և նրա ընտանիքի մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Նախօրեին Արցախում զոհված Վաչե Չիլինգարյանը Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից էր: Չիլինգարյաններն Արծվաշենից Շորժա են տեղափոխվել 1992թ-ին:

«Հասարակ գյուղացի մարդիկ են, գյուղատնտեսությամբ են զբաղվում, հայրն աշխատում է Շորժայի երկաթուղային կայարանում»,- Sputnik Արմենիային պատմեց գյուղապետ Սուլիկո Շուշանյանը:

«Վաչեն իրենից փոքր երկու քույր ուներ: Կարգին երեխա էր, բոյով-բուսաթով, աշխատասեր, դաստիարակված տղա էր»,- ասաց նա:

Ի դեպ, ըստ գյուղում տարածված լուրերի` Վաչեն զոհվել է երկու ծառայակիցներին փրկելիս, որոնք ստացել են թեթև վիրավորումներ:

Նշենք, որ ՊԲ զինծառայող 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը մահացու վիրավորվել է հունվարի 7-ին, 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի կողմից արձակված կրակոցից:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանով Չիլինգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: