«Էրդողանը մարդասպան է». Ֆրանսիայում հայերն ու քրդերը միավորվել են Թուրքիայի նախագահի դեմ

Հայերն ու քրդերը դուրս են եկել Փարիզի փողոցներ և բողոքում են Թուրքիայի նախագահի փարիզյան այցի դեմ` նրան կոչելով մարդասպան ու բռնապետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Շաբաթ օրը` հունվարի 6-ին, Փարիզում հազարավոր քրդեր ու հայեր դուրս են եկել փողոց` իրենց դժգոհությունը հայտնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է «Ֆրանսպրեսս» գործակալությունը։

Ինչու է Էրդողանը պտտվում թավայի մեջ, կամ Թուրքիան С-400-ի հետ կապված արկածախնդրության է դիմում

Էրդողանը պաշոտնական այցով Փարիզ է մեկնել հունվարի 5-ին։

Ցուցարարները «Էրդողան` մարդասպան» գրությամբ պաստառնելով ու վանկարկումներով անցել են Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներով` հիշեցնելով, որ 2013թ-ին Փարիզում սպանված երեք քուրդ ապստամբների սպանության համար մինչև այսօր ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։

Փարիզի փողոցներ դուրս եկած քրդերը ցավ են հայտնել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Էրդողանի հետ հանդիպման ժամանակ այս սպանությունների մասին չի հիշատակել։

Демонстрация курдов в Париже

Քրդերի կազմակերպած ակցիային միացել է նաև ֆրանսահայ համայնքը։ Հայերը Էրդողանին «բռնապետ» են անվանել։

«Ռեջեփ Թայիփ Էրդողանը ֆրանսիացիներին ցույց տվեց իր իսկական` բռնապետի դեմքը։ Ֆրանսիայի նախագահական պալատում նա այնպիսի դեմքով էր, կարծես չի խախտել եվրոպական չափանիշները, որոնց իբր հավակնում է հավատարիմ մնալ», — «Ֆրանսպրեսսի» փոխանցմամբ ասված է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հայտարարության մեջ։

2013 թ. հունվարին Փարիզում հայտնաբերվել էին քրդական աշխատավորական կուսակցության անդամ երեք կանանց գլխատված մարմինները։

Թուրքական ազգային հետախուզական գործակալությունը պաշտոնապես հերքել էր սպանություններին իր մասնակցությունը, մինչդեռ ֆրանսիացի քննիչների համոզմամբ, թուրքական լրտեսները կապ ունեն սպանությունների հետ։

Քուրդ կանանց սպանությունները մինչ բացահայտված չեն։ Միակ կասկածյալը` թուրք ազգայնական Օմեր Գյունեյը, բանտում մահացել է 2016 թ-ին, մինչ գործը կհասներ դատարան։