ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Թուրքիայի Էրզրում քաղաքի «Kandilli» մարզաբազայում կայացած դահուկավազքի ՖԻՍ մրցաշարում, որ համարվում է նաև 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներ, փայլուն են հանդես եկել Գյումրու Լյուդվիգ Մնացականյանի անվան Ձմեռային մարզաձևերի հանրապետական մարզադպրոցի սաները։
Մարզադպրոցի սան Աննա Մխիթարյանը 10 կմ ազատ ոճում գրավել է 1-ին տեղը, մարզադպրոցի սաներ Աննա Ռաշոյանը` 6-րդ, Մյասնիկ Ղարիբյանը` 7-րդ, Նելլի Խաչատրյանը` 12-րդ տեղերը։
«Մրցումներին մասնակցել է 15 երկիր, գյումրեցի 21-ամյա Աննան Հայաստանի կանանց դահուկավազքի պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել միջազգային մրցումներում՝ 10 կմ ազատ ոճում հավաքելով 127 միավոր՝ Էրզրումում պատվո պատվանդանին բարձրացնելով հայկական դրոշը»,- Sputnik Արմենիային ասաց Գյումրու Լյուդվիգ Մնացականյանի անվան Ձմեռային մարզաձևերի հանրապետական մարզադպրոցի տնօրեն, ՀՀ վաստակավոր մարզիչ Սլավիկ Սարգսյանը։
Նա նշեց, որ Աննան իր հաղթանակով օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է նվաճել, իսկ մինչ այդ կմասնակցի Հայաստանի առաջնությանը:
Ի դեպ, Աննան դահուկավազքով զբաղվում է փոքր տարիքից։ Մայրը՝ Անահիտ Մխիթարյանը, նույնպես զբաղվել է դահուկավազքով, դահուկավազքի մարզիչ է:
Դահուկավազքի ՖԻՍ մրցաշարն անցկացվել է 2017 թվականի դեկտեմբերի 31-ից 2018 թվականի հունվարի 3-ը։