Արթուր Աբրահամը ջրօրհնեքի կնքահայր է դարձել. տեսանյութ և լուսանկարներ

Հայտնի բռնցքամարտիկը կնքահայրի դերում է մասնակցել Ջրօրհնեքի արարողությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը երեկ` հունվարի 6-ին, Սուրբ Ստեփանոս եկեղեցում Սուրբ ծննդյան օրը մատուցված ջրօրհնեքի ժամանակ կնքահայր է եղել:

«Մեծ պատիվ շնորհվեց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին Սբ. Ստեփանոս եկեղեցում մատուցված Սբ. Պատարագի ժամանակ լինելու ջրօրհնեքի կնքահայր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը։

Քրիստոսի ծնունդն ու Մկրտությունը եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Օրն անփոփոխ ու անխախտ նշվում է առաքելական ժամանակներից:

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է տոնական Ս.Պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնյաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում և օրհնում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն`ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն: