Ոստիկանությունը` ավտոերթի մասնակիցներին. «Ձեր ավտոմեքենաների համարները ֆիքսվել են». լուսանկարներ

Աջ ղեկով ավտոմեքենաների վարորդները բողոքի ավտոերթ անցկացրին, իսկ ոստիկանությունը երթի մասնակիցներին սպառնաց տուգանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Երևանի փողոցներում այսօր միանգամից մի քանի տասնյակ ավտոմեքենաներ բողոքի երթ անցկացրին Էրեբունի վարչական շրջանում գտնվող ավտոշուկայից դեպի Բաղրամյան պողոտա։ Ձայնային ազդանշաններով ու դրոշներով ավտոշարասյունն անցնելով Տիգրան Մեծ- Հանրապետության հրապարակ-Ամիրյան- Մաշտոց-Բաղրամյան ավտոճանապարհով` կանգ առավ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ չհասած` Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց։

Ինչո՞ւ է հայերին դուր գալիս «ճապոնականը», կամ ի՞նչ ապագա կարող էին ունենալ «սխալ» մեքենաները

Ոստիկանության աշխատակիցները երթի մասնակիցներին հորդորեցին ավտոմեքենաները դուրս բերել երթևեկելի գոտուց, ապա զգուշացրին. «Հարգելի վարորդներ, ձեր ավտոմեքենաների համարները ֆիքսվում են»։ Բայց վարորդները մնացին անդրդվելի` նշելով, որ բողոքի ակցիա անցկացնելն իրենց սահմանադրական իրավունքն է։ Իսկ փողոցի երթևեկությունը չի խաթարվում, քանի որ երրորդ գիծն ազատ են թողել` իրենց ավտոմեքենաները կայանելով միայն առաջին ու երկրորդ գծում։

Հենց ակադեմիայի շենքի բակում էլ ընթացավ ակցիան, թեև նախապես որոշված էր հասնել մինչև նախագահական նստավայր։ Ակցիայի մասնակիցները դարձյալ հայտարարեցին, որ աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը, շահագործումն ու պետական գրանցումն արգելելը հակասում է Սահմանադրությանն ու սահմանափակում ՀՀ քաղաքացիների իրավունքները ։

Այսքանով բողոքի այսօրվա ակցիան ավարտվեց։ Երթի կազմակերպիչ, «Աջ ղեկ» շարժման համակարգող Գևորգ Աճեմյանը հայտարարեց, որ հաջորդ ակցիան տեղի կունենա վաղը` հունվարի 8-ին` ժամը 14։00-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Բայց այդ օրը ակցիայի մասնակիցները կգան առանց ավտոմեքենաների` չխաթարելու համար Հանրապետության հրապարակի երթևեկությունը։

«Մենք պահանջելու ենք, որ վարչապետը իջնի, մեր հարցերին պատասխանի և մեր մտահոգությունները հայտնենք նրան։ Մենք չենք բարձրանա, որովհետև փորձը ցույց է տալիս, որ եթե մի խումբը բարձրանում է, շատերի մոտ դա դժգոհություն է առաջացնում»,- ասաց Աճեմյանը։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նախապատրաստել էր Հայաստանում աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների շահագործումը սահմանափակող որոշումների նախագծերի փաթեթ։ Այն նախատեսվում է կիրառության մեջ դնել 2018 թ-ի ապրիլի 1-ից։

Նշենք, որ պաշտոնական տվյալներով, ՀՀ-ում աջ ղեկով շուրջ 35 հազար ավտոմեքենա է գրանցված։

1 / 9
Ավտոերթ
2 / 9
Ավտոերթ
3 / 9
Ավտոերթ
4 / 9
Ավտոերթ
5 / 9
Ավտոերթի մասնակիցները
6 / 9
Գևորգ Աճեմյանը
7 / 9
Ավտոերթի մասնակիցները
8 / 9
Ավտոերթի մասնակիցները
9 / 9
Ավտոերթի մասնակիցները