Հայերը թունավորում էին լեհերին կեղծ ծխախոտով և օղիով ու վճարեցին դրա համար. տեսանյութ

Հանցագործ ցանցը սկզբում արմատներ էր գցել Լեհաստանում, այնուհետև տարածվել Ֆրանսիայում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Լեհաստանի իշխանությունները մեղադրանք են առաջադրել կեղծ օղի և ծխախոտ տարածող խոշոր հանցախմբի ղեկավարի նկատմամբ, հայտնում է Լեհաստանի հեռուստատեսություն (TVP) լրատվական պորտալը:

2017 թվականի դեկտեմբերին Լեհաստանի կենտրոնական քննչական ծառայությունը ձերբակալեց խմբավորման 18 անդամի: Խմբի ղեկավարը Լեհաստանի քաղաքացիություն ունեցող հայ էր (անունը չի նշվում), որի հետ ոչ միայն հայեր, այլև լեհեր էին աշխատում:

​Նրանք այդ գործով սկսել էին զբաղվել 2016 թվականի ապրիլից և ցանց տարածել ամբողջ Լեհաստանում:Այնուհետև հանցավոր խմբի մասնակիցները հասել էին նաև Արևմտյան Եվրոպա: Ծխախոտով բեռնված մի քանի ավտոմեքենա հաջողացրել էին հասցնել Ֆրանսիա:

2017 թվականի հոկտեմբերին շուրջկալի ժամանակ 16 ավազակ էին բռնել, որոնցից 7-ը հայեր էին, 9-ը` լեհեր: Նրանց թվում էր նաև խմբի ղեկավարը` Լեհաստանի հայ: Նրա նկատմամբ արդեն մեղադրանք է առաջադրվել: Գործողություններին մասնակցել է մոտ 100 իրավապահ:

Տեղում ծխախոտ, կեղծված սիգարետ և 90%-ոց սպիրտ է հայտնաբերվել: Քննիչները չեն կարողանում հասկանալ, թե որտեղից է հայտնվել այդ սպիրտը, չի բացառվում, որ կեղծարարներն անձամբ են այն թորել:

Դեկտեմբերին ևս երկու չարագործների են բռնել, որոնց բնակարաններում հայտնաբերվել է տարբեր ապրանքանիշների ծխախոտ` Ուկրաինայից և Բելառուսից ուղարկած ծանրոցներով:

Ոստիկանների գնահատականով` կասկածյալները հասցրել են ընդհանուր առմամբ 650 հազար տուփ ծխախոտ վաճառել:

Հայկական մաֆիան Լեհաստանում գործում է 90-ականներից: Դրանք փակ խմբավորումներ են, որոնցում հիմնականում ներգրավում են «յուրայիններին», նշում են քննիչները: Նրանք միմյանց հետ լավ հարաբերություններ չունեն. վերջին 20 տարվա ընթացքում երկու մրցակից կլանները մի քանի անգամ ֆուտբոլի մարզադաշտի մոտ հաշիվ են պարզել Վարշավայի գլխավոր սև շուկայի համար: Այնտեղ առևտուր են անում հայերը, որոնցից հարկ են հավաքում հենց նրանց հայրենակիցները:

Այնտեղ կեղծ ձայնասկավառակներ էին վաճառում, որոնց վրա երաժշտություն, խաղեր և ֆիլմեր էին ձայնագրած: Երբ համացանցի դարաշրջանում դրանք կորցրին իրենց արդիականությունը, սկսեցին սիգարետներ վաճառել:

Մրցակիցներն անցյալ տարվա հոկտեմբերի 15-ին հերթական անգամ վիճել էին, և փոխհրաձգության հետևանքով մահացել էր քրեական շրջանակում հայտնի Արման Գ.-ն: