ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Այսօր, հունվարի 6-ին, ժամը 12:30-ի սահմաններում Իջևանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ մահացածը Իջևան քաղաքի բնակիչ 55-ամյա Կառլեն Մարկոսյանն էր, ով հիվանդանոց է տեղափոխվել Իջևանում հայտնի Աղայա սարամասից: Տավուշի մարզի ոստիկանները մեկնել են սարամաս, որտեղ արդեն դեպքի վայրում պարզել են, որ նրան մահացու հրազենային վնասվածքը պատճառել է Իջևան քաղաքի Անկախության փողոցի բնակիչ 22-ամյա Սեյրան Մատինյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ս. Մատինյանն ու Կ. Մարկոսյանը ապօրինի որս անելիս են եղել: Ս. Մատինյանը մահացածի եղբոր խնամու տղան է:
Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Ս. Մատինյանը ինքնակամ ներկայացել է Իջևանի ոստիկանություն և ներկայացրել նաև հանցագործության գործիք «ԻԺ-26» տիպի երկփողանի որսորդական հրացանը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, հետքաբանական, դատաձգաբանական, մատնադրոշմային և այլն:
Այս պահին Ս. Մատինյանը գտնվում է Ոստիկանության Իջևանի բաժնում. քննչական խմբի ղեկավարը կորոշի նրա խափանման միջոցի հարցը: