Ռուսական «Ձայնը» նախագծի աստղ Զաալի Սարգսյանը վերջապես հայերեն երգեց. տեսանյութ

Զաալի Սարգսյանն ուրախացրել է իր բաժանորդներին` Instagram-ում տեսանյութ հրապարակելով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Ռուսական «Ձայնը-6» հեռուստաշոուի մասնակից Զաալի Սարգսյանը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նա հայերեն է երգում:

Զաալին երգում է աշուղ Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ պըտուտ էկա» ստեղծագործությունը:

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ շատ կցանկանար ելույթ ունենալ նաև Հայաստանում:

 

«Ինձ անդադար դիմում են հայերը, խնդրում են հայերեն երգել: Ես ելույթ եմ ունենում տարբեր կորպորատիվ միջոցառումների ժամանակ, ինձ մոտենում և խնդրում են «հայկական, պարային» որևէ բան կատարել: Պետք է սկսեմ հայկական երգեր երգել», — ասաց երգիչը:

Զաալիի խոսքով` նա արդեն պատրաստ է ձայնասկավառակ ձայնագրել, աշխույժ երգեր կատարել:

Զաալի Սարգսյանը ռուսական «Ձայնը» նախագծի վեցերորդ եթերաշրջանի «կույր լսումների» ժամանակ գերել էր ժյուրիի անդամ, կոմպոզիտոր և երգիչ Ալեքսանդր Գրադսկուն: Ցավոք, Զաալին եզրափակիչ չհասավ, բայց նախագծին մասնակցելը մեծ ճանաչում բերեց երաժշտին: