Այս պահի դրությամբ ՀՀ հիվանդանոցների ռեանիմացիոն բաժանմունքներում շուրջ երկու տասնյակ մանկահասակ երեխաներ են բուժում ստանում, բայց դա կապ չունի գրիպի համաճարակի հետ:
Թեև, նրա խոսքով, հանրապետությունում շնչառական հիվանդությունների հարուցիչների մի ամբողջ փունջ կա, բայց դրանք համաճարակի նշան չեն: Գրիպից ու դրա բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է լինել զգոն և ուշադիր սեփական առողջության նկատմամբ ու լսել բժշկի խորհուրդները. խորհուրդ է տալիս ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
«Այս օրերին բուժհիմնարկները լարված են աշխատել, բայց դեպքերի մեծամասնության ժամանակ հիվանդներին բուժօգնություն է ցուցաբերվել որպես ամբուլատոր և ոչ թե ստացիոնար հիվանդի»,- ասաց Թորոսյանը։
Նա հորդորեց սեփական նախաձեռնությամբ հակաբիոտիկներ չընդունել:
Ամանորին մեծ տարածում գտնող սննդային թունավորումներից խուսափելու համար այն սննդամթերքը, որն արդեն երեք-չորս օր «զարդարում» է տոնական սեղանը, պետք է թափել։
Իսկ հիվանդության առաջին իսկ նախանշանների դեպքում, մասնագետը խորհուրդ է տալիս ինքնաբուժությամբ չզբաղվել և դիմել բժշկի: Տոնական օրերին հատկապես շատ են եղել գրիպի ախտանշաններով հանրապետության բուժհիմնարկներ դիմող երեխաները:
Բայց նախորդ տարվա համեմատ այս տարի հիվանդացության տարածման մակարդակը չի տարբերվում:
«Համաճարակային իրավիճակի լարվածություն չի դիտվել, ունեցել ենք հիվանդացության այնպիսի պատկեր, որը համահունչ է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: հիմնականում հոսպիտալացվում են 0-5 տարեկան մանկահասակ երեխաները, երբեմն մինչև 14 տարեկանները, որոնք գանգատվում են գրիպանման երևույթներից»,- ասաց մասնագետը:
Այս դեպքում ևս, Թորոսյանը խորհուրդ չի տալիս անմիջապես երեխային տանել հիվանդանոց, այլ խորհրդակցել մանկաբույժի հետ և նոր միայն, եթե անհրաժեշտություն կա, երեխային տեղափոխել ստացիոնար բուժհիմնարկ: