Գյումրեցի Ռոկիի նոր արկածները. «մամա» ասող շունը կամակոր է դարձել Շան տարում

Գյումրիում հայտնի «խոսող» շունը որոշել է յուրովի նշել Նոր տարին։ Կենդանին սկսել է կոկոս ուտել։
Sputnik

Արմենուհի Մխոյան, Sputnik

Գյումրեցի Կարեն Մկրտչյանի շունը, որ համացանցում ճանաչում էր ստացել «մամա» ասելով, Ամանորից հետո բացառապես տոնական ուտեստներ է պահանջում։ Բոքսյոր ցեղատեսակի շան տերն ասում է, որ արդեն 5-րդ օրն է` կենդանին հրաժարվել է իր ճաշերից։

«Ռոկին արդեն 4 տարեկան է, բայց նման բան չուներ։ Այս տարին ինչ փոխվել է, սկսել է քմահաճություններ անել. չի ուտում իր ճաշերը։ Փոխարենն ընկույզ, միրգ ու բաստուրմա է պահանջում։ Ի՞նչ անեք. իր տարին է, ու պետք է հաշվի նստենք»,- Sputnik Արմենիային ասաց Կարենը՝ վստահեցնելով, որ Ռոկիի մասին այս տարի դեռ կլսենք:

Ռոկին միրգ ու ընկույզ ուտում էր նաև մեր ներկայությամբ, ավելին` հաճույքով փորձեց նաև կոկոսի համը:

Ռոկին 3 անգամ եղել է Հայաստանի և 1 անգամ միջազգային մրցաշարի չեմպիոնի թեկնածու: 3 անգամ թեկնածու լինելն արդեն վկայում է, որ Ռոկին իր ցեղատեսակի մեջ առաջինն է Հայաստանում:

Կարենը հայտնեց, որ այս տարվա ընթացքում Ռոկին կրկին կմասնակցի Հայաստանի մրցումներին և կրկնակի չեմպիոն դառնալու բոլոր հնարավորություններն ունի:

Գյումրեցին իր շանը «մամա» ասել է սովորեցրել

Շան տերը պատմեց նաև, որ Ռոկին հոգատարություն և ուշադրություն է պահանջում, բայց այդ հոգատարությունն անպայման վերադարձնում է:

Բոքսյոր ցեղատեսակի շներն իրենց տեսակով պահապաններ են. եթե նրանց չվնասես, երբեք չեն վնասի, մարդամոտ են ու հավատարիմ, ագրեսիվ չեն, հատկապես շատ են սիրում երեխաներին. երբեք վնաս չեն պատճառի նրանց:

Ռոկիի «սխրանքների» մասին Sputnik Արմենիան արդեն պատմել է. զտարյուն բոքսյոր ցեղատեսակի շունը կարող է համբերությամբ լսել տիրոջը և նրա հետևից կրկնել «մամա»։ Բացի այդ, կենդանին կարող է նաև երգել, բայց դրա համար միայն տիրոջ հրահանգը բավարար չէ. Ռոկին ինքը պետք է «մուսա» ունենա: