ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայերը միշտ աչքի են ընկել իրենց երաժշտական ընդունակություններով։ Հայաստանում ծնված տաղանդավոր արտիստներն և սփյուռքահայերը շարունակում են նվաճել միջազգային մրցույթները։ Sputnik Արմենիան ամփոփում է տարվա երաժշտական արդյունքները։
«Ты супер!»
ՆՏՎ-ի և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության «Ты супер!» նախագիծն ինքնադրսևորվելու հնարավորություն է տալիս ծնողական խնամքից զրկված տաղանդավոր երեխաներին։ Հայաստանն այս մրցույթում ներկայացրին Անգելինա Պապիկյանը և Սաբինա Մանվելյանը։
Աղջիկները չհասան եզրափակիչ փուլ, բայց հասցրին ցույց տալի իրենց տաղանդն ու արժանանալ հանդիսատեսի սիրուն։
Ավելի ուշ մրցույթը շարունակվեց, և այս անգամ ոչ թե երգով, այլ պարով։ Դավիթ Այվազյանը և Աստղիկ Մխիթարյանը՝ Գյումրու «Թռչունյան» մանկատան սաները, կարողացան հասնել «Ты супер! Танцы» միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ, բայց մրցակցությունը խանգարեց նրանց անցնել եզրափակիչ փուլ։
«Նոր աստղերի ֆաբրիկա»
Ռուսաստանում կրկին կազմակերպվեց «Աստղերի ֆաբրիկա» լեգենդար նախագիծը։ պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշի խմբում ձգտեցին հայտնվել տարբեր երկրների հազարավոր երաժիշտներ, այդ թվում՝ Սեմ Վարդին (Սամվել Վարդանյան)։
Նա նախագիծը լքեց չորրորդ շաբաթում «Պարիր» հեղինակային երգով։ Սամվելը՝ երաժշտական շոուի ամենավառ մասնակիցներից մեկը, մտերիմ հարաբերություններ ուներ նախագծի մեկ այլ մասնակցի՝ Ուլյանա Սինեցկայայի հետ, և հայ երաժիշտը՝ որպես իսկական ջենտլմեն, համոզեց շոուի մյուս մասնակիցներին, որ փրկեն աղջկան հերթական անվանակարգի ժամանակ։
Նախագծում նա նաև լավ հարաբերություն հաստատեց ադրբեջանցի Էլման Զեյնալովի հետ, որը հասավ «Նոր աստղերի ֆաբրիկա» եզրափակիչ փուլ, բայց չհաղթեց։
«Նոր ալիք»
Հայ երգչուհիներ Էռնա Միրը և Սյուզաննա Մելքոնյանը փայլեցին «Նոր ալիք 2017» փոփ երաժշտության երիտասարդ կատարողների XVI միջազգային մրցույթում։
Երկու գեղեցկուհիները հիանալի հանդես եկան «Նոր ալիքում». Էռնա Միրը և Սյուզաննա Մելքոնյանը մրցույթում զբաղեցրին առաջին և երկրորդ տեղերը։ Էռնան 362 միավորով առաջին տեղը կիսեց Ուզբեկստանի (Սարդոր Միլանո) և Մոլդովայի (DoReDoS խումբ) ներկայացուցիչների հետ։
Սյուզաննա Մելքոնյանը (357 միավոր, երկրորդ տեղ) Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում խոստովանեց, որ մանուկ հասակում նույնիսկ ծնողները չգիտեին, որ նա երգում է։ Իսկ այսօր Սյուզաննան գերում է միջազգային մրցույթների ժյուրիի անդամներին։
Sputnik Արմենիային տված հարցազրույցում Էռնան պատմեց, որ մրցույթին մասնակցելն անմոռանալի էր, չափազանց զգացմունքային։
«Ինձ Սոչիում նույնպես հարցնում էին, թե ինչ եմ զգում, և ես չէի կարողանում բացատրել։ Զգում էի, որ ես հաղթելու հնարավորություն ունեմ, բայց դա այն զգացմունքն է, որը չի կարելի փոխանցել բառերով», — ասաց պատանի երգչուհին։
«Ձայնը 6»
Տարիներ շարունակ հայ երգիչները գրոհում են «Ձայնը» ռուսական վոկալային շոուն։ Այս տարի նախագծի բեմում ելույթ ունեցան Դիանա Շարժիյանը (Լեոնիդ Ագուտինի թիմ), Զաալի Սարգսյանը (Ալեքսանդր Գրասկի) և հղի Անահիտ Պողոսյանը (Պելագեա)։
Ցավոք, հայ մասնակիցներից ոչ մեկը չկարողացավ հասնել նախագծի եզրափակիչ փուլ, բայց նրանք հասցրին նվաճել հանդիսատեսի սրտերը, ինչի մասին վկայում է սոցիալական ցանցերում արտիստներից յուրաքանչյուրի էջին բաժանորդագրված օգտատերերի քանակը։
Ինչպես Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում խոստովանեց Զաալին, նա շատ ռոմանտիկ է, երգեր է գրում տարբեր ոճերում։ Երգչի խոսքով՝ նա երգելիս բացում է իր հոգին, բեմ է հանում իր էներգիան ու զգացմունքները։
Իսկ ահա Դիանա Շալժիյանը պատմեց, որ կույր լսումների օրը շատ է հոգնել և նույնիսկ հույս չի ունեցել, որ ինչ-որ մեկը կշրջվի։
«Կարելի է ասել՝ ես գրեթե երազի մեջ էի, և երբ մարզիչներն առաջին վայրկյաններին շրջվեցին, ես շատ զարմացա և միաժամանակ ուրախացա։ Արցունքներս հենց զարմանքից էին։ Շատ զգացմունքային մարդ եմ և չեմ սահմանափակում իմ գործողությունները, չեմ ամաչում դրանից», — պատմեց նա։
Անահիտ Պողոսյանը զարմացրեց «Ձայնի» ժյուրիի անդամներին ոչ միայն փայլուն վոկալային տվյալներով, այլ նաև խիզախ քայլով, քանի որ նա մրցույթին մասնակցում էր հղիության յոթերորդ ամսում։ Երգչուհին պատմեց Sputnik Արմենիային, որ իրեն օգնել է հայկական տեմբրը։
Անահիտի ուսուցիչը՝ Պելագեան, երգչուհուն ուղարկեց ծննդաբերելու՝ բացատրելով, որ երիտասարդ երգչուհին արդեն չի կարող շարունակել պայքարը մրցույթում։
«Կապույտ թռչուն»
Հայկական տրիոն նվագեց «Սև կոշիկով բարձրահասակ շիկահերը» ֆիլմում հնչող ստեղծագործությունը և ցնցեց «Կապույտ թռչուն» պատանի տաղանդների համառուսական մրցույթի ժյուրիի անդամներին։
Էդգար Միսկարյանը դուդուկ նվագեց, Սյուզի Գաբրիելյանը՝ քանոն, Էմիլ Ներսիսյանը՝ դհոլ։
Ժյուրիի անդամները գովեցին պատանի երաժիշտներին՝ հաջողություն մաղթելով երաժշտական կարիերայում։