ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Հանրակրթական հաստատություններում ձմեռային արձակուրդները երկարացնելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հիմքեր չունի, Sputnik Արմենիային ասաց գերատեսչության մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը:
Մարգարյանի խոսքով, շատ տարածված դեպք է, երբ ձմռանը դպրոցական արձակուրդի երկարացման մասին լուրեր են ի հայտ գալիս։
«Սակայն դրա համար որևէ հիմք չկա, քանի որ Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների համաճարակ չկա», — նշեց Մարգարյանը:
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը հայտնել էր, որ Հայաստանում սուր շնչառական հիվանդացության քանակը համապատասխանում է եղանակային պայմաններին:
Նրա խոսքով` Հայաստանի բուժհիմնարկներ է դիմում օրական մոտ 200 մարդ: Թորոսյանը կոչ էր արել չշփոթել սուր շնչառական հիվանդությունը գրիպի հետ:
Հայաստանի դպրոցներում ձմեռային արձակուրդը մեկնարկել է դեկտեմբերի 25-ին: 3-12-րդ դասարանցիների համար արձակուրդը կտևի մինչև 2018 թվականի հունվարի 7-ը ներառյալ, իսկ 1-ին և 2-րդ դասարանցիների համար` մինչև 2018 թվականի հունվարի 21-ը ներառյալ: