Սեքսուալ սկանդալ վրացական հեռուստատեսությունում

Վրացի հեռուստահաղորդավար Շալվա Ռամիշվիլին հերքում է, որ սեքսուալ ոտնձգություններ է արել լրագրող Թաթիի Սամախարաձեի նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի- Sputnik. Թբիլիսյան դատարանը տուգանել է հայտնի սկանդալային հեռուստալրագրող Շալվա Ռամիշվիլիին` ճանաչելով նրան մեղավոր լրագրող Թաթիի Սամխարաձեի նկատմամբ սեքսուալ ոտնձգություններ կատարելու մեջ, հաղորդում է Sputnik Գրուզիան։

Դատարանը հեռուստալրագրողին պարտադրել է որպես բարոյական վնասի փոխհատուցում լրագրող աղջկան փոխանցել 2 հազար լարի (մոտ 770 դոլար)։

«Գումարի չափը մեզ համար կարևոր չէր։ Կարևոր էր, որ ապացուցվեր փաստը։ Սա նշանակում է, որ 2 տարի անց արդարադատությունը վերականգնվեց, և մենք նրան սեքսուալ ոտնձգության համար պատժեցինք ու հաղթեցինք դատարանում։ Սա կարող է նախադեպային լինել»,–ասել է Սամխարաձեն։

«Իմեդի» հեռուստաընկերության նախկին աշխատակցուհին 2016 թ.–ից փորձում է ապացուցել, որ Ռամիշվիլին, որն այդ պահին իր ղեկավարն էր և լուրերի մեկնաբանը, առաջարկել էր նրան աշխատանքային առաջընթաց` սեքսուալ ծառայությունների դիմաց։

Սամխարաձեն պատմել է, որ երբ սեքսուալ ոտնձգությունները պարբերական բնույթ են կրել, նա ստիպված է եղել դուրս գալ աշխատանքից։

Ինքը` Ռամիշվիլին, հերքում է սեռական ոտնձգությունների փաստը։ Ո՛չ նա, ո՛չ է իր փաստաբանը ներկա չեն եղել վերջին դատական նիստին։ Բացառված չէ, որ հեռուստահաղորդավարը բողոքարկի դատարանի որոշումը։