Սոցցանցերում հայտնվել է ԱՄՆ նախագահի «միջուկային կոճակի» նկարը

ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբամայի լուսանկարիչ Փիթ Սոուզան Instagram–ի իր էջում հրապարակել է ԱՄՆ նախագահի «միջուկային կոճակի» նկարը, Թրամփի այն հայտարարությունից հետո, որ իրենց «կոճակն» ավելի հզոր է, քան Կիմ Չեն Ընինը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան էջում կրկին դիմել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընին, որն իր ամանորյա ուղերձում հայտարարել էր աշխատասեղանի վրա մշտապես միջուկային կոճակ ունենալու մասին:

 

Ի պատասխան 71-ամյա հանրապետականը գրել է. «Կիմ Չեն Ընը հայտարարեց, որ միջուկային կոճակն այսուհետ իր սեղանին է: Նրա սովալլուկ ու տանջահար ռեժիմի ներկայացուցիչներից որևէ մեկը նրան կտեղեկացնի՞, որ ես ևս ունեմ այդ միջուկային կոճակից, որը, ի դեպ, շատ ավելի մեծ է ու հզոր: Բացի այդ, իմ կոճակն աշխատում է»:

 

Հիշեցնենք, որ վերջին մեկ տարում Վաշինգտոնի և Փհենյանի հարաբերությունները կտրուկ լարվել են: ԱՄՆ-ն պահանջում է, որպեսզի Հյուսիսային Կորեան դադարեցնի միջուկային և հրթիռային ծրագրերի զարգացումը, մինչդեռ երկիրը հակադարձում է՝ նշելով, որ այդ ծրագրերն ամերիկյան ագրեսիայից պաշտպանվելու միակ հուսալի միջոցն են: