Հայկական գամփռը սահման է մեկնելու՝ զինվորների հետ ծառայելու

Հայաստանի սահմանները պաշտպանելու գործում զինծառայողներին շուտով կօգնեն հայկական գամփռ ցեղատեսակի շները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Հայկական գամփռները 2018 թվականի փետրվար — մարտին կկարողանան սահման մեկնել՝ ՀՀ Զինված ուժերի զինվորների հետ սահմանը պաշտպանելու։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի կինոլոգիական միության ղեկավար Վիոլետա Գաբրիելյանը:

Ինչո՞ւ են գամփռին հայկական գելխեղդ կոչում

Նրա խոսքով, «Գամփռը Հայաստանի սահմաններին» ծրագիրն արդեն երեք տարի է` մշակման փուլում է։ 

«Ծրագիրը թափ է հավաքում, քանի որ երկու տարի պատրաստական աշխատանքներ էին ընթանում։ Սահման ուղարկվող շները պետք է առնվազն կես տարեկան լինեն», — ասաց Վիոլետան։
Հենց այդ տարիքում է հնարավոր գնահատել՝ շունն ինչ խառնվածք ունի՝ կռվարար է, թե պահապան։ Դա մասնագետներին թույլ է տալիս հասկանալ՝ որոնց կարելի է սահման ուղարկել։
Վիոլետան նաև նշեց, որ հայկական գելխեղդը հայրենիքի իսկական պաշտպան է․ խառնվածքով մարտիկ է։

«Կարծում ենք` շներն իրենց լիովին կարդարացնեն, քանի որ ժամանակին (1985 թվականին) ԽՍՀՄ-ի ու Չինաստանի պատերազմի ժամանակ սահմանն այդ ցեղատեսակի շներն էին պաշտպանում։ Այն ժամանակ որոշվեց գամփռներին կարճաբուրդ կովկասյան հովվաշուն անվանել, քանի որ մենք ընդհանուր պետության սահմաններում էինք», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Նա կարծում է, որ այս փորձը կհաջողվի ու կծավալվի։

«Շներից յուրաքանչյուրը համարակալված է, մենք ուշադիր հետևում ենք նրանց, մանրամասն գիտենք ամեն մի շան տոհմածառը։ Կարծում եմ՝ գամփռը բարօրություն կցանկանար մաղթել այն ժողովրդին, որի կողքին ապրում է դարերով, նաև քաջ առողջություն բոլոր սիրելի մայրիկներին», — հավելեց Վիոլետան։

Նրա խոսքով՝ գամփռը խելացի շուն է ու երբեք հենց այնպես չի վատնում էներգիան։ Տիրոջ իրերին էլ առանձնահատուկ ուշադրությամբ է վերաբերվում՝ խստորեն հսկելով դրանք։
Հայաստանում այսօր գամփռների հինգ բուծարան կա։ Այս ցեղատեսակի շների քանակը Հայաստանում գերազանցում է 2500-ը։ Հայաստանում գամփռի ձագն ավելի քան 200 000 դրամով է վաճառվում։