Գողացել են 6 պարկ փող` 4 գյուղերի թոշակառուների թոշակը. կասկածյալը հայտնաբերվել է, գողոնը` ոչ

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հափշտակված գումարի չափը 12.620.000 դրամ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Ոստիկանները ժամերի ընթացքում բացահայտել են ընդհանուր 12 միլիոն դրամից ավելի թոշակների հափշտակության դեպք։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

20 կգ ոսկի ու շատ փող. ինչ-որ մեկը որոշել է Նոր տարին «լավ» սկսել. խոշոր գողություն Վանաձորում

«Հունվարի 4-ին՝ ժամը 11:20-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում «Հայփոստի» ավտոմեքենայից գողացել են չորս գյուղերի թոշակառուների համար նախատեսված թոշակների գումարի պարկերը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է հափշտակված գումարի չափը՝ 12.620.000 դրամ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի և այլ ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է:

Նախնական տվյալներով պարզվել է, որ «Հայփոստի» ավտոմեքենային «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով հետևել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 31-ամյա Գ.Հակոբյանը, որը Շահումյան գյուղում, օգտվելով «Հայփոստի» մեքենայի դռան բաց լինելու հանգամանքից, հափշտակել է 6 պարկ փող: Ոստիկանության ծառայողները կասկածյալին հայտնաբերել են Երևանում դեպքից ժամեր անց ու բերման ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն»,–տեղեկացնում է Ջանոյանը: