Հայերի Նոր տարվա վարկերը կամ «խրախճանք` ժանտախտի պահին»

Հայաստանում հասարակական կարծիքը մարդկանց ստիպում է տարին դիմավորել պարտքերով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. Հայաստանում շատ ընտանիքների համար Նոր տարին վաղուց դադարել է տոն լինել և տհաճ ու ծանր բեռ է դարձել նրանց համար:

Հայկական Նոր տարին շատ հարցերում նման է հայկական «ավանդական» հարսանիքին (հասարակության գիտակցության մեջ). հիմնականում անցկացվում է բարեկամների, ընկերների, ծանոթների և քիչ ծանոթ մարդկանց համար:

Հաշվի առնելով, որ միայն պաշտոնական տվյալների համաձայն` երկրում աղքատության մակարդակը 30% է կազմում, Նոր տարին «արժանավայել» դիմավորելու փորձը վերածվում է մեծ գլխացավանքի և ծանր բեռան:

Հայկական իրարանցում. որքա՞ն գումար են հայերը ծախսում նվերների համար

Բնակչության զգալի մասի ֆինանսական ծանր վիճակին «ըմբռնումով» են մոտենում մենաշնորհատերերը, որոնք, առիթից օգտվելով, Նոր տարվա նախաշեմին թանկացնում են սննդամթերքի գները:

Նրանք շատ լավ գիտեն իրենց անելիքը, քանի որ անգամ բարձր գները հետ չեն կանգնեցնում այն մարդկանց, որոնք վախենում են հյուրերի առաջ ամոթով մնալուց:

Իսկ որտեղի՞ց գումար գտնել, եթե չի բավականացնում աշխատավարձը կամ այլ եկամուտները: Ծանոթներից պարտք վերցնելը բավական դժվար է, իսկ Ամանորին գումար է հարկավոր բոլորին: Հաճախ միակ ելքը վարկ վերցնելն է:

Եվ այսպես 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ ժամկետանց վարկերի ծավալը կազմել է 35,3 մլրդ դրամ, ևս 122,3 մլրդ դրամ` երկարացված վարկերն են: Սակայն վարկերի ծավալն աճում է, և աճում են նաև սպառողական վարկերը (առաջատար են ըստ ծավալի):

2017 թվականին վերցրած սպառողական վարկերի ծավալը, 2016 թվականի համեմատ, աճել է 5,5 անգամ:

Եթե 2015 թվականի նոյեմբերի դրությամբ ռեզիդենտներին տրամադրած սպառողական վարկերի գումարը կազմել է 415,5 մլրդ դրամ, ապա 2016 թվականի նոյեմբերին` 427,7 մլրդ դրամ: 2017 թվականի նոյեմբերի դրությամբ հասել է 493,6 մլրդ դրամի:

Բանկերն ամեն ջանք գործադրում են սպառողական վարկերի «գայթակղիչ» առաջարկներ անելու համար: Եվ ի՞նչ է ստացվում. ավելի շատ մարդ է Հայաստանում սկսում պարտքով ապրել` ոչ միշտ համոզված լինելով, որ կարող են մարել վարկերը:

Երևանի տաքսիստներից մեկը մասնավոր զրույցում խոստովանեց, որ ինքը հավանաբար այն սակավաթիվ վարորդներից է, որ վարկ չունի:

«Ես դիտմամբ ուշ եմ մարել հին վարկիս վերջին գումարը, որպեսզի անունս ներառեն «սև ցուցակում» և ինձ այլևս վարկ չտան: Այդպես էլ եղավ, և շատ լավ է. Նոր տարվա համար չեմ վերցնի», — ասաց նա:

Նման իրավիճակում Ամանորը բնակչության լայն զանգվածների համար ոչ թե տոն է դառնում, այլ գումար գտնելու և սեղան գցելու ծանր պարտականություն, ու շատերը դիմավորում են «անիծված» և ոչ թե «հրաշք» տոնը:

Եվ ինչ սրտով պետք է Նոր տարին դիմավորեն այն մարդիկ, որոնք զգալի գումարներ են ծախսել ուրիշների մոտ ամոթով չմնալու համար, այն դեքում, որ այդ ուրիշներից շատերն ամենևին էլ հարազատները չեն: