ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. Հունվարի 2-ին, ժամը 18:30-ին ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Միխայելովկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2109» մակնիշի (պ/հ չի հաջողվել պարզել) (վարորդ՝ 1981 թ. ծնված Ա. Մ.) և «Mercedes-E» մակնիշի (վարորդ՝ 1989 թ ծնված Ռ. Բ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Mercedes-E» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորները՝ 1968 թ. ծնված Ն., 1991 թ. ծնված Ա., 2011 թ. ծնված Դ., 2016 թ. ծնված Ա. և 1989 թ. ծնված Ռ. Բ.-ները հոսպիտալացվել են Տաշիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:45-ին, մարվել՝ 18:56-ին:
Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայում հայտնաբերվել են վարորդ Ա. Մ.-ի և ուղևորի` 2000 թ. ծնված Հ. Պ.-ի այրված դիերը։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-E» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենայից դուրս բերել դիերը: