Ծեծկռտուք Երևանում. կասկածյալներից մեկը ռեստորանի սեփականատիրոջ որդին է

«Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 1-ին Երևանի Մյասնիկյան պողոտայի 38/4 հասցեի՝ «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի բակում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ կայքի` այդ օրը, ժամը 04։00-ի սահմաններում նշված ռեստորանի բակում վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 4-րդ փողոցի բնակչի՝ 25-ամյա Արման Աբելյանի և Երևան քաղաքի Սայաթ Նովայի պողոտայի 13 շենքի բնակչի՝ 20-ամյա Արման Աբովյանի և ոմն Հայկի միջև։

Ծեծկռտուքի հետևանքով Ա. Աբելյանը մարմնի տարբեր մասերին վնասվածքներ է ստացել։

Ոստիկանները պարզել են, որ Ա. Աբովյանը նշված ռեստորանային համալիրի սեփականատիրոջ որդին է, իսկ ոմն Հայկը, ըստ տեղեկությունների, նշված ռեստորանում աշխատում է որպես անվտանգության աշխատակից։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ ոմն Հայկի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ սեփականատիրոջ տղային տեղափոխել են ոստիկանություն, այնուհետև ստորագրությամբ բաց են թողել։