Վերադառնում է XVIII դարը. 2018 թվականի նորաձև թրենդները

2018 թվականի նորաձևությանը հետևող կանայք և տղամարդիկ անհամբեր սպասում են, թե ինչ գործվածքներ և նորաձևության ինչ միտումներ են առավել պահանջված լինելու հենց այս սեզոնում: Սակայն ոլորտի փորձագետները հաճախ ասում են, որ այսօր նորաձևությունը շեշտը ոչ այնքան դնում է թրենդների վրա, որքան գնորդի ոճի:
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Այսօր քիչ թե շատ հեղինակավոր յուրաքանչյուր նորաձևության տուն փորձում է հետևել սեփական կոնցեպտին և միտումներին:

Դիզայներներն ամեն կերպ համադրում են տարբեր տիպի գործվածքներ: Գունային լուծումների հարցում նկարիչ-դիզայներների երևակայությունը սահմաններ չունի: Շատ պահանջված կլինեն ասեղնագործ հագուստները, այդ թվում ասեղնագործություն կարող է լինել ինչպես ամենօրյա բլուզների, այնպես էլ վերնաշապիկների և անդրավարտիքների վրա: Իրենց արդիականությունը չեն կորցնում նաև երկրաչափական նախշերը, ինչպես նաև դրանց քաոսային համադրությունները:

Ինչ հագնել Ամանորի գիշերը մյուսներից տարբերվելու համար. հայ դիզայների խորհուրդները

Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնի դիզայներ Լիանա Elsi Սարգսյանը նշեց, որ 2018 թվականի թրենդներն ընդհանուր առմամբ բավական տարբեր են լինելու:

«Թե կոնկերտ ինչ գույներ և ձևեր նորաձև կլինեն գալիք տարում, հաստատ ասել չի կարելի: Յուրաքանչյուր նորաձևության տուն առաջարկում է իր գաղափարները: Աշխարհում մի քանի նորաձևության տներ կան, որոնք թելադրում են նորաձև միտումներ, սակայն դրանք խիստ տարբերվում մեկը մյուսից: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ պրետ-ա-պորտե հագուստներն ավելի շատ ձգտում են 70-ականների ոճին: Միևնույն ժամանակ երեկոյան զգեստները որոշակի առումով վերադարձնում են 18-րդ դարի նորաձև միտումները, իհարկե՝ նոր լուծումներով՝ գիպյուրի, ժանյակների, ծոպերերի կիրառմամբ», — նշեց դիզայները:

Նրա խոսքով` ծոպերը, փետուրներն ու ամեն տեսակ տպագրությունները ս ևնորաձև կլինեն 2018 թվականին:

«Առավել արդիական այս տարի կլինեն թափանցիկ, ինչպես նաև կաշվից և լաքից թիկնոցները: Ընդ որում, նախապատվություն կտրվի կարմիր և դեղին գույներին, ինչպես նաև տարբեր տպագրությունների: Շատ պահանջված կլինեն նաև օրիգինալ դիզայներական լուծումներով գործած պիջակներն ու ժակետները», — ավելացրեց Լիանան:

Elsi-ն նորաձևությանը հետևող կանանց և տղամարդկանց խորհուրդ տվեց ինքնատիպ լինել և փորձել նորաձևության միտումներից ընտրել հենց այն, ինչն առավել ճշգրիտ է արտացոլում անհատականությունը: