Կյանքը պարտքով. 2017 թվականին հայերը երեք անգամ շատ վարկ են վերցրել 2016-ի համեմատ

Ամենավատն այն է, որ այդ վարկերի գրեթե մեկ չորրորդը սպառողական են, և մարդիկ միշտ չէ, որ գիտեն, թե ինչպես պետք է դրանք մարեն հետագայում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. 2017 թվականին ՀՀ բնակիչներին տրամադրած վարկերի ծավալը երեք անգամ գերազանցել է անցյալ տարվա ցուցանիշը: Այլ կերպ ասած, «վարկային աճը» 200% է կազմել:

Անդրադառնանք վիճակագրությանը: 2013 թվականի արդյունքներով Հայաստանում ֆիզիկական անձանց հատկացրած վարկերի ընդհանուր ծավալը կազմել էր 1,69 տրիլիոն դրամ: 2014 թվականին այդ ցուցանիշը դարձել է 2 տրիլիոն դրամ: 2015-2016 թվականներին իրավիճակը կայունացել է. 2015 թվականի արդյունքներով՝  ֆիզիկական վարկերի ծավալը կազմել է 1,93 տրիլիոն դրամ, իսկ 2016 թվականի դեկտեմբերին գումարը հասել է 2,04 տրիլիոն դրամի:

4 միլիոն վարկ` հանուն խնայողության. որպեսզի Երևանն ավելի քիչ էլեկտրաէներգիա սպառի

Հայաստանում 2016 և 2017 թվականներին վարկերի տրամադրման տեմպի աճը պարզելու համար պետք է համեմատել 2015, 2016 և 2017 թվականների նոյեմբերի վիճակագրությունը (2017 թվականի դեկտեմբերի վերջնական տվյալները դեռ հրապարակված չեն): Եվ այսպես, եթե 2015 թվականի հունվարից մինչև նոյեմբեր ռեզիդենտներին հատկացվել է 1,92 տրիլիոն դրամ, ապա 2016 թվականին նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել է 2,01 տրիլիոն դրամ, իսկ 2017 թվականի նոյեմբերի արդյունքներով` 2,27 տրիլիոն դրամ:

Այսպիսով, եթե 2015-ից 2016 թվականներին այս ժամանակահատվածում տրամադրված վարկերի ծավալն աճել է 88 մլրդ դրամով, ապա վարկային պորտֆելի տարբերությունը 2016 և 2017 թվականների առաջին 11 ամիսների արդյունքով կազմել է արդեն 264 մլրդ դրամ: Վարկավորման տեմպերի աճը կազմել է 200%, այսինքն՝ տեմպը եռակի արագացել է:

Հետզհետե ավելանում է պարտքով ապրող մարդկանց թիվը, որոնք վարկերի մարման հստակ ծրագիր չունեն: Ոմանց համար սա ապրուստի միակ տարբերակն է: Մի շարք դեպքերում նոր վարկերը վերցնում են հները մարելու նպատակով:

«Պարտք տուր մինչև թոշակդ». 2017–ին կենսաթոշակային ֆոնդերի միջոցներն ավելացել են

Այս պատմության մեջ ամենահետաքրքիր և կարևոր պահը վարկային պորտֆելի կառուցվածքն է. վարկերի գրեթե մեկ քառորդը սպառողական են. ընդհանուր պորտֆելի 2,274 տրիլիոնից վարկի այդ տեսակը կազմում է որպես պարտք տրամադրած 494 մլրդ դրամը:

Էրիխ Մարիա Ռեմարկի «Կյանքը պարտքով» վեպում գլխավոր հերոսուհի Լիլիանան տուբերկուլոզով հիվանդ է, նրա համար յուրաքանչյուր օրը հավերժություն է, նա ապագա չունի: Իրավիճակը որոշակի առումներով նման է Հայաստանի տնտեսությանը, որը, ինչպես և նրա բնակիչներից շատերը, գնալով ավելի շատ են խրվում պարտքերի մեջ:

Այսպես օրինակ՝ երկրի պետական պարտքն այս պահին կազմում է 6,4 մլրդ դոլար: Սպասվում է, որ Հայաստանը տարին կավարտի պետական պարտքի հետևյալ ցուցանիշով` ՀՆԱ-ի 55,1%, իսկ հաջորդ տարի այս ցուցանիշը պետք է աճի մինչև 6,813 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 60,3%-ը:

Այնպես որ, Հայաստանը պետք է շտապ բուժվի «վարկային տուբերկուլոզից»: