ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. Բողոքի ակցիաների ժամանակ Իրանում ոստիկանության հետ բախումների արդյունքում զոհրի թիվն արդեն հասել է 20-ի: Ավելի քան 450 մարդ ձերբակալվել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական Ilna գործակալությանը:
Անցած գիշերվա իրադարձությունների հետևանքով տարբեր քաղաքներում մահացել է ընդհանուր առմամբ մոտ 10 մարդ: Այսպիսով, հինգշաբթիից՝ ցույցերի մեկնարկից հետո, մահացել է առնվազն 20 անձ:
Զինված ցուցարարները փորձել են ոստիկանության բաժանմունքներ և ռազմակայաններ բռնագրավել, սակայն անվտանգության ուժերը կանխել են նրանց գործողությունները:
Եվս երկու մարդ մահացել է դեկտեմբերի 30-ին՝ Լուրեստան նահանգի Դորուդ քաղաքում: Լուրեստանի նահանգապետ Հաբիբոլա Հոջաստեպուրը մարդկանց մահվան համար մեղադրել է «օտարերկրյա գործակալներին» և սադրիչներին:
Թեհրանում այս օրերի անկարգությունների ընթացքում ձերբակալվել է մոտ 450 մարդ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ից Իրանի մի շարք քաղաքներում զանգվածային հակակառավարական ցույցեր են անցկացվում: