ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Իտալացի ոստիկաններին հաջողվել է կանխել ողբերգությունների շարքը. Թուրինի փողոցներում 13 ինքնաշեն ռումբից միայն մեկն է պայթել: Քաղաքի ծայրամասում որոտացած պայթյունի հետևանքով չորս մարդ է տուժել` 17 տարեկան մարոկացի, 45 տարեկան իտալուհի, 61 և 83 տարեկան իտալացիներ: Թուրինի պայթյունից տուժածները հիվանդանոց են տեղափոխվել ձեռքերի ու դեմքերի պատռված վերքերով:
Ռումբը տեղադրված է եղել աղբամանում: Հարվածային ալիքը վնասել է մոտակայքում գտնվող չորս մեքենաներն ու մոտակա 30 տների ապակիները:
Պայթյունից հետո ոստիկանությունը զննել է քաղաքն ու ևս 12 ինքնաշեն ռումբ և փամփուշտ հայտնաբերել:
Ամանորի գիշերը մեկ այլ դեպք էլ տեղի է ունեցել Թուրինի Կաստելլո հրապարակում, որտեղ հարյուրավոր մարդիկ են հավաքված եղել: Տղան հավաքել է սալարկի վրա գցած ճայթռուկները, որոնցից մեկը պայթել է նրա ձեռքում: Վիրավոր երեխային նույնպես հոսպիտալացրել են: