Իրանում անկարգությունների զոհերի թիվն աճել է. Ռոհանին խոսել է արտաքին սադրանքի մասին

Ակցիայի մասնակիցները բողոքում են տնտեսական դժվար իրավիճակից ու երկրի ղեկավարությունից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Իրանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները 12 մարդու մահվան պատճառ են դարձել, այսօր հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը:
Կիրակի ուշ երեկոյան անվտանգության ուժերի աշխատակիցների հետ բախման հետևանքով մահացել են տասը մարդ, ևս երկուսը մահացել էին նախորդ օրը:

Իրանի խոշոր քաղաքներում դեկտեմբերի 28-ից բողոքի զանգվածային ցույցեր են կազմակերպվում: Ցուցարարները դժգոհում են տնտեսական վիճակից ու երկրի ղեկավարությունից։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ բողոքի պատճառ են դարձել երկրի ներքին խնդիրները, ինչպես նաև այլ երկրների սադրանքը։ Այս մասին հայտնում է տեղական Mehr գործակալությունը:

«Բողոքողներից ոչ բոլորն են, որ ղեկավարվում են օտարների կողմից, կան նաև այնպիսի մարդիկ, որոնք ուղղորդվում են սեփական զգացմունքներով ու խնդիրներով»,- ասել է Ռոհանին:

Նա ավելացրել է, որ իրավիճակը կարելի է օգտագործել «գլոբալ խնդիրները գտնելու համար»՚:
Ռոհանին հայտնել է նաև, որ Իրանի անկարգությունները սադրել են որոշ երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան: