Լեռների ծարավ և կոնյակ գագաթին. ինչպես են հայ ալպինիստները դիմավորում Նոր տարին

Եթե տեսնեք մի Ձմեռ պապի, որ սար է բարձրանում լեռան գագաթին կոնյակ վայելելու համար, մի զարմացեք. ամենայն հավանականությամբ, ձեր դիմաց հայ ալպինիստ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայ ալպինիստները բարի ավանդույթ ունեն։ Յուրաքանչյուր Նոր տարի նրանք բարձրանում են Արա, Ադիս կամ, հնարավորության դեպքում, Արագած լեռները, Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմեց «ԱՍ» զբոսաշրջային ակումբի ղեկավար, ալպինիստ Էդգար Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ լեռ են բարձրանում հունվարի 1-ին, 2-ին կամ 3-ին։

«Ամանորի գիշերը դեռ սար չենք բարձրացել, բայց հաջորդ օրը՝ անպայման։ Մեզ համար դա տոն է։ Մենք մեզ հետ տոնական զարդարանքներ ենք վերցնում, Ձմեռ պապի, Ձյունանուշի շորեր, լեռան գագաթին մի քիչ կոնյակ կամ գինի ենք խմում (լեռներում չի կարելի շատ խմել)», — ասաց նա։

Ալպինիստներն այդպես ճանապարհում են հին տարին և դիմավորում նորը. լեռնագագաթներին զգացմունքներ են կուտակում և դրանցից ազատվում արդեն քաղաքում։

«Մենք միշտ կատակով ասում ենք միմյանց` եկեք հունվարի 1-ին սար բարձրանանք, որպեսզի մարսենք նրբաբլիթները և խոզի բուդը։ Շարժվելը և քայլելն օգնում են այդ հարցում։ Այդ օրը շատ հետաքրքիր զգացմունքներ ես ստանում… նույնիսկ եթե դու սարում ես եղել մի շաբաթ առաջ, ամեն դեպքում տպավորությունն այնպիսին է, ասես դու մի ամբողջ տարի չես եղել լեռներում։ Այնպես ես բարձրանում, ասես վաղուց կարոտել էիր լեռներին», — Sputnik Արմենիային ասաց Նավասարդյանը։

1 / 4
Ալպինիստները նշում են Նոր տարին
2 / 4
Ալպինիստներ
3 / 4
Ալպինիստներ
4 / 4
Ալպինիստներ

Էդգարն իր թիմի հետ սար է բարձրանում ոչ միայն Ամանորին։ 2015թ-ի ապրիլի 24-ին (Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը) նա մյուս ալպինիստների հետ տասնյակ լույս արձակող օդապարիկներ է բաց թողել Արտենի լեռան գագաթից՝ թուրքական սահմանից ոչ հեռու։

«Մեծ թիմ էր հավաքվել, բայց եղանակը շատ վատն էր. ուժեղ քամի էր փչում, ձյուն էր տեղում։ Մենք ամեն դեպքում հասանք գագաթ, բաց թողեցինք հայկական քաղաքների անգլերեն անվանումներով օդապարիկները (այդ քաղաքները հիմա ժամանակակից Թուրքիայի տարածքում են. խմբ.)` Վան, Էրզրում, Կարս և այլն», — պատմեց Էդգարը։

Ալպինիստի խոսքով՝ դա խորհրդանշական ժեստ է եղել, բայց թիմը հույս է ունեցել, որ այդ օդապարիկները կհասնեն Թուրքիա։

Լեռան գագաթին 50 ալպինիստները մոմեր են վառել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։

Հայ լեռնագնացները տարվա մեջ ունեն մի քանի յուրահատուկ ամսաթվեր, երբ հատուկ արշավներ են կազմակերպում։ Օրինակ` հունվարի 28-ը՝ Հայոց բանակի օրը։ Կանանց միջազգային օրը (մարտի 8) աղջիկները նշում են լեռներում։

Էդգարը պատմեց նաև, որ վերջին տարիներին հայկական լեռները մեծ համբավ են վայելում եվրոպացիների մոտ։ Օրինակ` գերմանացիները և անգլիացիները մեծ խմբերով են գալիս Հայաստանի լեռները նվաճելու։